Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ հունվարի 31-ին քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ Դատախազության բերած բողոքը:
Դատախազությունը բողոքարկել էր Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը։
Նիստում Ռ. Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արմեն Դանիելյանին: Ինչպես նշեց Հ. Խուդոյանը, դատավորը թույլ է տվել դատավարական խախտումներով, ուստի՝ չի կարող արդար լինել: Ըստ պաշտպանների՝ «դատավոր Ա. Դանիելյանը կայացրել է Քոչարյանին կալանավորելու որոշում, կողմնակալ է և հակված է իշխանություններին հաճո որոշում կայացնելու»:
Այնուհետ անդրադառնալով ներկայացված բողոքին՝ Հ. Խուդոյանը նկատեց. «Մենք գործ ունենք մի բողոքի հետ, որը ոչ միայն իմ վստահորդի շահերին է վերաբերում, այլև ներկայացնում է ընդհանուր հանրային շահը: Մենք խոսում ենք մի բողոքի մասին, որ շրջանակներում պարզ է դառնալու՝ ՀՀ-ն՝ ի դեմս դատախազության, ՀՔԾ-ի և դատարանների, շահագրգռվա՞ծ է Մարտի 1-ի գործով ամբողջական ու անաչառ քննություն իրականացնել, թե՞ այդ քննությունը պետք է ուղղորդված լինի»,- ասաց պաշտպանը:
Քոչարյանի պաշտպանները դատախազության ներկայացրած բողոքը ոչ իրավաչափ որակեցին:
Ինքնաբացարկին առարկեց մեղադրող կողմը: Դատախազ Պետրոսյանը նշեց, որ պաշտպանական կողմը խնդիր է դրել ի սկզբանե կանխակալ վերաբերմունք ձևավորել դատարանի նկատմամբ:
«Սա ուղղակի սադրանք էր՝ ուղղված դատարանին»,-հայտարարեց նա:
Դատական նիստն ընդմիջվեց: Դատավոր Արմեն Դանիելյանն իրեն ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ վճիռը կհրապարակի փետրվարի 3-ին: