Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.

Բաց նամակ

«Քննչական մարմինը կոծկում է սպանողին». բաց նամակ վարչապետին

20:15, չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.
«Քննչական մարմինը կոծկում է սպանողին». բաց նամակ վարչապետին

«Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի զոհերից մեկի՝ Ջիվան Հարությունյանի պապը վարչապետին ուղղված բաց նամակ է հղել MAMUL.am-ին, որն ամբողջովին ներկայացնում ենք ստորև:

«Դիմում

Մեծարգո պարոն վարչապետ.

Արդարություն, արդարադատություն փնտրելու ճանապարհին ստիպված եմ դիմելու Ձեզ` որպես երկրի ղեկավարի, որի ենթակայության տակ են գործում իրավապահ մարմինները: Ըստ մեր սահմանադրության և համամարդկային համակեցության կանոնների՝ մարդն ունի կյանքի անձեռնամխելիության իրավունք և ոչ ոք իրավունք չունի անպատիժ ուրիշին կյանքից զրկելու: Ոչ ոք, անկախ նրանից, թե ինչ հասարակական սոցիալական դիրք է զբաղեցնում, անկախ նրանից, թե տվյալ անձը կամ իր հարազատն ունի արդյոք սեփական (գրպանային) խմբակցություն ազգային ժողովում, ինչ քաղաքական գործունեություն է ծավալում և ինչպես կարող է օգտագործվել իշխանության կողմից իր գործունեության ընթացքում ընդդիմադիր թե իշխանամետ կարգավիճակով: Ում համար և որքան է կեղծել ընտրությունները: Անկախ նրա ունեցած զինված բանակի (իմա՝ բանդայի) թվաքանակից, գլխի մեծությունից, իր բթությունից և անկախ բռնաբարության և ավազակային հարձակման համար դատված տարիներից :

Իմ անունը Ջիվան Հարությունյան է, Սովետի տարիներին ծառայել եմ միլիցիայում հասել փոխգնդապետի աստիճանի, զբաղեցրել տարբեր պաշտոններ, այդ թվում՝ քննիչի և քննչական բաժնի պետի: Անկախ Հայաստանում 1998թ.-ից զբաղվել եմ քաղաքականությամբ, բոլոր ժամանակներում ունեցել եմ ընդդիմադիր կեցվածք՝ հանդիսանում եմ ՀԺԿ Աբովյանի ղեկավարը: Բոլոր նախագահական ընտրություններին իմ ունեցած հնարավորությունները օգտագործել եմ ընդդիմադիր թեկնածուի ստացած ձայների հնարավորինս պահպանմամբ, այդ ընթացքում հաճախ նաև իմ և իմ կողմնակիցների կյանքի, առողջության գնով պայքարելով վերոհիշյալ ընտրակեղծարար զինված բանդաների անօրինական, սակայն միշտ պետության հովանավորությունն ունեցող գործողությունների դեմ:

2018թ. գարնանը մեզ բոլորիս թվաց, թե արդարությունը հաղթեց և այլևս մեր երկրում չեն լինի թիկնազորի անվան տակ, առավել ևս պետության կողմից տրված զենքի և արտոնության հնարավորություն ունեցող խմբավորումներ (բանդաներ):

Ուղիղ մեկ տարի առաջ իմ սիրելի թոռնիկը՝ Ջիվան Հարությունյանը, սպանվեց դիմահար կրակոցով չբոլորած իր 21 տարին: Արդեն մեկ տարի է ես, իմ ընտանիքն ու հարազատները, չհաշտվելով մեր ունեցած կորստի հետ, սպասում ենք արդարության հաղթանակին, արդարադատության իրականացմանը, սպասում էինք նախաքննության արդյունքներին, որով պետք է բացահայտվեր հանցագործությունը, սպանություն կատարած անձը կամ անձինք կներկայացվեին դատարան արդարադատության առաջ կանգնելու համար: Այդ ամբողջ մեկ տարվա ընթացքում նախաքննության մարմնի կողմից անընդհատ ինձ հավաստիացրել են, որ կատարում են անկողմնակալ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն սպանության բացահայտման նպատակով: Չնայած արդեն հենց քննության սկզբում հասկանալի և տեսանելի էր, որ քննիչը (քննչական մարմինը) ամեն ինչ անում էր իրական հանցագործներին կոծկելու, նրանց վերաբերյալ գործի մեջ եղած ապացույցները կամայական հերքելու և ընդհակառակը գործը շուռ տալու և իմ հարազատներին մեղադրելու ուղղությամբ, զավեշտի հասնող սցենարներ մշակելով, և ոչնչի առաջ չկանգնելով այդ մտացածին սուտ սցենարների ուղղությամբ իբր ապացույցներ ստեղծելով (կարելով), չխորշելով ուղղորդել հանցագործներից մի քանիսին ցուցմունքները ձևակերպել իր նախանշած սցենարով, հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ իր

ուղղորդած ցուցմունքները հակասում են անգամ իր իսկ կողմից քննությամբ ձեռք բերված մյուս ապացույցներին:

Եվ այժմ, երբ գործի մի մասին ավարտ է հայտարարված և մաս է անջատված դատարան ուղարկելու համար արդեն գործին ծանոթանալով անմիջապես ակնհայտն է դառնում քննչական մարմնի միտումնավոր ուղղորդված քննություն կատարելու և սպանությունները կատարողներին կոծկելու նպատակը և ընդհակառակը միտումնավոր մեղադրելով սպանության փորձ կատարելու մեջ այն անձանց, որոնք հրաշքով փրկվել են մահից՝ ունենալով բազմաթիվ հրազենային վնասվածքներ և գործում տուժող ճանաչվելու փոխարեն դարձել են մեղադրյալներ:

Երբ մասնագետի աչքով նայում ես քր. գործին անմիջապես պարզ է դառնում, որ քննությունը տարվել է միակողմանի՝ չտարանջատելով կողմերի գործողությունները իրարից , որն էլ կատարելու դեպքում անմիջապես կփլվի քր. գործի հիմքում դրված քննության հիմնական վերսիան և տրամաբանությունը:

Իսկ իրականությունը այն է, որ շարքային կենցաղային վեճի պատճառով մի կողմը (պայմանական ծառույանները), նախորոք կազմակերպելով իր գործողությունները, զինված բանդա է կազմել (որոնք միշտ էլ զինված են, զինված են նաև հենց այժմ թիկնապահի անվան տակ) և գնացել իրենց սեփական օբյեկտում գտնվող և հաշտվելու նպատակով իրենց սպասող մյուս խմբի (պայմանական մանուկյանների) մոտ, նախորոք ուղարկելով հետախույզներ՝ հանել են բոլորին դուրս առանց որևէ բառ խոսելու, սադրել վիճաբանություն և համարյա շրջափակելով նրանց երեք կողմերից արձակել են բազմաթիվ կրակոցներ իրենց օբյեկտում գտնվող խմբի ուղղությամբ: Այդ հարձակվող խմբի կողմից կատարված բազմաթիվ հրազենային կրակոցների արդյունքում սպանվել են երկու հոգի (այդ թվում նաև իմ թոռը ՝ Ջիվուլը, ում այդպես փաղաքշական ձևով անվանում էինք մենք` ընտանիքի անդամներս) և վիրավորվել, մի կերպ մահից պրծել ևս 7-8 անձ: Նաև վիրավորել են իրենց երկու կողմնակիցների, կամ պատահաբար, կամ չճանաչելով:

Մյուս կողմը, տեսնելով իրենց վրա կատարված զինված հարձակումը, հավանաբար խմբի անդամներից մեկի մոտ եղած զենքից արձակել է կրակոցներ, որոնք էլ ըստ իս եղել են սաստող և դրանցից վախենալով զինված ստահակների խումբը հետ է նահանջել և չի կարողացել իրենց գործողությունները հասցնել ավարտին՝ սպանել նաև մյուսներին և գետնին ընկած վիրավորներին: Ասվածն

ամբողջությամբ ապացուցվում է տեղազննության արձանագրությամբ, փորձագիտական եզրակացությամբ, տեսանյութով, օպերատիվ մարմիններից ստացված տեղեկություններով և ի վերջո հենց քննիչի կողմից կազմած քարտեզ սխեմայով: Իսկ քննիչը, հաշվի չառնելով վերը նշված ապացույցները , նաև մի կողմի ցուցմունքները (դրանք գնահատելով ոչ արժանահավատ), քննությամբ դեպքի սցենար է հորինել և այն հիմնավորել մյուս կողմի շահագրգիռ անձանց ցուցմունքներով, և արդյունքում ամեն ինչի մեջ մեղադրել պաշտպանվող կողմին, արդարացնելու համար իր կողմից իրական հանցագործներին չբացահայտելու թվացյալ անկարողությունը, իսկ իրականում՝ կոծկելու եղելությունը:

Ես վստահ եմ, եթե քննիչը կատարեր հետևյալ գործողությունները (որը հենց իր պարտականությունն էր) և տաներ քննությունն այդ ուղղությամբ, և' իրական պատկերը կվերհաներ, և' սպանություն կատարողներին կբացահայտեր՝

1.Հստակ տարանջատեր կողմերին և մեկի կատարած գործողությունները չվերագրեր երկու կողմին,

2.Քննություն տաներ կազմակերպված զինված հարձակման կազմակերպչի բացահայտման ուղղությամբ (ով գործի նյութերով ակնհայտ է),

3. Կողմերի և փորձագետների մասնակցությամբ զննության ենթարկեր գործում առկա տեսանյութերը, (սպանությունների դեպքի վայրին վերաբերող, այլ ոչ թե առանձնապես կարևորություն տալով զններ վուլկանիզացի դեպքը՝ անուշադրության մատնելով Պարտեզի միջադեպի տեսանյութերը),

4.Հաշվի առնելով հենց թեկուզ գործի նյութերը՝ վերհաներ հարձակվող կողմի մասնակիցների ամբողջական քանակն ու ցուցակը (առանց դրանց կոծկելու ցանկության, որը գործի ընթեցման ընթացքում ակնհայտ դրսևորվում է),

5.Հստակեցներ դեպքի բոլոր մասնակիցների անհատական գործողությունները,

6. Ինքնապաշտպանության իրավունք վերապահեր զինված հարձակման ենթարկվածներին,

7.Եվ ի վերջո անհասկանալի և աբսուրդ հիմնավորումներով գործից մաս անջատելու փոխարեն (որն անշուշտ կատարվել է շուստրիություն անելու նպատակով՝ գործի հիմնական մասը քնեցնելու, տուժողի իրավահաջորդներին գործի անջատված մասի մասնակցությունից զրկելու (կարգավիճակ չունենալու) և նախաքննության ընթացքում ուղղորդված ցուցմունք տված անձանց վարքագիծը դատաքննության ընթացքում կառավարելի դարձնելու և այլ՝ ինձ առայժմ անհայտ նպատակներով) գործը վարել ամբողջությամբ, առանց մաս անջատելու ՝ օրենքի պահանջը կատարելով, գործի քննության լրիվությունն ու ամբողջականությունը ապահովելու նպատակով:

Վերոհիշյալ գործողությունները չկատարելը և քր. գործն ամբողջությամբ խճճելը իմ և իմ կարծիքով ցանկացած անաչառ դիտորդի գնահատմամբ ունի մեկ նպատակ՝ նամակի սկզբում նշված բոլոր ժամանակների իշխանությունների հովանավորությունից օգտվող, քաղաքական խեղկատակ Դոդի Գագո կոչվող անձի, նրա որդու` Նվերի (իմա Պատժի) և նրա զինված ստահակների ոհմակի գործողությունները կոծկել, նրանց վերաբերյալ ունեցած տվյալները խնամքով թաքցնել և նրանց վերաբերող գործը դնել նախկինում եղած բազմաթիվ նմանատիպ գործերի շարքում՝ նշված անձի գործողությունները էլ ավելի վերահսկելի դարձնելու և իշխանության ցանկություններին համապատասխան օգտագործելու նպատակով:

Ես գիտեմ, որ իմ գրած այս դիմումը Դուք չեք կարդալու, Ձեր օգնականներից մեկն այն մակագրելու է դատախազին կամ քննչական մարմնի ղեկավարին, նրանք` իրենց հերթին, իրար մակագրելով վերջում հայտնվելու է գործը քննող քննիչի մոտ, իսկ վերջինս էլ այն կցելով գործին ինձ պատասխանելու է, որ իմ դատողությունները բոլորն անհիմն են և չեն բխում գործի նյութերից: Բնականաբար հարց է առաջանում, իսկ այդ դեպքում ինչու եմ գրել դիմումս:

Մեծարգո վարչապետ մարդու կյանքն անձեռնամխելի է և պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների կյանքի անձեռնամխելիությունը, իսկ պետական մարմինների իրենց պարտականությունները անկաշառ և անաչառ կատարելու վերահսկողությունը իրականացնում է իշխանությունը, պետության ղեկավարը:

Ես պատրաստ եմ ասածներս առարկայական ապացուցելու համար հանդիպել գլխավոր դատախազի հետ և նրան ցույց տալ գործում առկա միտումնավոր կամ ոչ միտումնավոր սխալները, որոնցից անմասն չէ հենց ինքը` գլխավոր դատախազը:

Հարգելի պարոն վարչապետ իմ հույսն ամբողջությամբ Ձեր վրա է, մի կտրեք իմ վերջին հույսը թողնելով ինձ` 80-ամյա ծերունուս, արդարադատությունն իրականացնել մեր պապական, ավանդական եղանակներով:

Խորհին հարգանքներով իր թոռան մահը սգացող` Ջիվան Հարությունյան»:

| | |
7836 | 0
Facebook