Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի գործը դատարանում է

17:35, չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.
«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քրեական գործից անջատված թվով 7 մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի հրազեն, սուր կտրող-ծակող գործիքներ, լինգեր։ Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք էր ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր տեղում, իսկ դեպքից օրեր անց Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր նաև զինված միջադեպի մասնակից 21-ամյա Ջիվան Հարությունյանը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց շրջանակը. մեղադրանք էր առաջադրվել 22 անձի, որոնք բոլորն էլ Կոտայքի մարզի բնակիչներ են:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. հունվարի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, վիճաբանություն է ծագել ավտոդողերի նորոգման կետի երեք աշխատողների, ովքեր եղբայրներ են, և Աբովյան քաղաքի 1991թ. ծնված բնակչի ու նրա ընկերների միջև, ինչը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վերջիններս աղմկել են, հայհոյել և ոտքերով ու ձեռքերով բռնություն են գործադրել եղբայրների նկատմամբ:

Այնուհետև 28-ամյա երիտասարդը, չհաշտվելով տեղի ունեցածի հետ, կարճ ժամանակ անց իր կողմնակիցների հետ մի քանի ավտոմեքենաներով վերադարձել է ավտոդողերի նորոգման կետ, ապա շարունակելով խուլիգանական գործողությունները՝ դիտավորությամբ ոտքով հարվածել ու կոտրել է մուտքի դռան փականը և հեռացել: Եղբայրներից մեկը, այս մասին իմանալով, կեսգիշերին մոտ կատարվածի մասին տեղեկացրել է իր կողմնակիցներին:

Արդյունքում՝ վիճաբանող կողմերը չնչին առիթն օգտագործելով, իրենց ու կողմնակիցների անձերի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ցուցադրաբար պատասխան տալու, յուրաքանչյուրն իր հերթին հակառակ կողմի մասնակիցների մոտ սարսափ առաջացնելու նպատակով, հեռախոսազանգերի և հանդիպումների միջոցով տեղեկացնելով կատարվածի մասին, հավաքագրել են ապօրինի կերպով ձեռք բերած և պահած մեծաքանակ տարբեր տեսակի հրազեններով, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով զինված բազմաթիվ մտերիմներ ու կողմնակիցներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդներն իրենց բազմաթիվ կողմնակիցների, այդ թվում՝ գործով դեռևս չպարզված անձանց հետ, զինվել են ապօրինի կերպով ձեռք բերած և պահած մեծաքանակ տարբեր տեսակի հրազեններով, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով, որից հետո կողմերը 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, հանդիպելու շուրջ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, տարբեր մակնիշի մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներով մեկնել են պայմանավորված վայր՝ «Պարտեզ» ռեստորանի դիմացի հատված, որտեղ դարձյալ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում վերոհիշյալ անձինք, յուրաքանչյուրն իր հերթին, հայհոյել և աղմկել են, միմյանց նկատմամբ բռնություն գործադրել՝ ապօրինի կերպով ձեռք բերած և իրենց մոտ պահվող «Մակարով» տեսակի թվով 7 ատրճանակներից, «ՏՏ» տեսակի 1 ատրճանակից, «ՊՍՄ» տեսակի 1 ատրճանակից և 2 որսորդական հրացաններից բազմաթիվ կրակոցներ արձակել միմյանց ուղղությամբ, սուր ծակող-կտրող գործիքներով և մետաղյա լինգերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ յոթ մեղադրյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ մասի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, հինգերորդին` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, վեցերորդին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, յոթերորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ կիրառվել են այլ խափանման միջոցներ:

Յոթ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Մյուս մեղադրյալների, սպանությունների, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, հիշյալ անձանց հրազենային և այլ բնույթի մարմնական վնասվածքներ պատճառելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, խմբի կազմում զենքով և որպես զենք օգտագործվող առարկաներով խուլիգանություն կատարելու դրվագներով, ինչպես նաև գործով դեռևս չպարզված անձանց վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:

5134 | 0
Facebook