Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեզ տուգանելուց առաջ նշանները կարգի՛ բերեք». Տիգրան Խզմալյան

15:25, չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.
«Մեզ տուգանելուց առաջ նշանները կարգի՛ բերեք». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ տուգանելուց առաջ նշանները կարգի բերե՛ք. լուսանկարում հերթական ԱՊՊԱ-պատահար է, որի պես յուրաքանչյուրս ամեն օր մի քանի հատ ենք տեսնում Երևանի փողոցներում։ Ո՞վ է մեղավոր։ Ըստ հին ավանդույթի՝ «թիկունքից հարվածողը»։ Բայց 26-ամյա երևանյան վարորդի իմ փորձից ելնելով` պնդում եմ՝ մեղավոր է քաղաքապետարանն ու ճանապարհային ոստիկանությունը` այս կարգի փնթի, անտրամաբանական ու թերի ուղենշաններ տեղադրելու համար։ Ուշադիր նայեք վերև. չորս շարք ունեցող փողոցում կարմիր լույս է վառվում ձախ երկու շարքերի համար, կանաչ լույսը բացում է աջ երկու շարքերը երթևեկության համար։ Ինչո՞ւ ապա այս և մյուս նման խաչմերուկներում զարմանալի պարբերականությամբ բախվում են ավտոմեքենաները, վնասելով մարդկանց ու տրանսպորտային միջոցները, խլելով մեզնից ներվեր, ժամանակ, առողջություն և փող։ Մի՞թե սա մեր ազգային անեծքն է, բնական անկարգությունն ու խարանը։ Միջազգային տվյալներով, ՀՀ-ն իսկապես խայտառակ առաջին տեղում է ճանապարհային պատահարներում զոհերի թվով բոլոր եվրոպական երկրների մեջ՝ ամեն 100 հազար բնակչության հաշվով 18,3 մահ 2018-ին։ Սա 0,3-ով բարձր է անգամ Ռուսաստանից։ Բայց չէ՞ որ հայերն ապրում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում և այնտեղ անչափ ավելի հազվադեպ են դառնում վթարների մասնակից կամ զոհ...
     Մեկ անգամ էլ նայենք լուսանկարին։ Տեսնո՞ւմ եք, որ լուսացույցի կարմիր արգելող ազդանշանը, որը փակում է ձախ երկու շարքերը, գտնվում է ճիշտ աջ շարքերից մեկի վերևում։ Ցանկացած անփորձ, երևանյան իրականությանն անծանոթ վարորդը, օտարերկրացի կամ գյուղաբնակ «խամ» մարդն ընկնելու է այս թակարդը և սեղմելու է արգելակները` հաջորդ պահին հարված ստանալով ետևից ընթացող մեքենայից։ Առավել ևս մթանը, մշուշին կամ կուրացնող ցածր արևի շողքից մոլորվածը։ Իսկ պատճառը ծիծաղելու և լացելու չափ պարզունակ է՝ լուսացույցի ԿԱՐՃ ՁՈՂԸ, որը օրնիբուն, գիշեր-ցերեկ, ամառ-ձմեռ, 30 վայրկյանը մեկ ստեղծում է այսպիսի վթարային իրավիճակ այստեղ, Արշակունյաց պողոտայում, ինչպես և Տիգրան Մեծի, Դավիթ Անհաղթի ու բազմաթիվ այլ փողոցներում։ Եթե լուսային ազդանշանի ակնհայտորեն սխալ տեղադրումը հանգեցնում է պարբերական վթարների, դա արդեն ոչ թե սխալ է, այլ հանցագործություն։ Ավելացնենք դրան սյուների կամ ծառի ճյուղերի տակ «թաքնվող» նշանները, թյուրիմացություն առաջացնող «կանաչ խաչերը»՝ դեղատների լուսավոր գովազդը, որը մոլորեցնում է ամեն խաչմերուկում` հեռվից նմանվելով լուսացույցի ազդանշանին, ավելացնենք օտարերկրյա դեսպանատների անիմաստ ու մեծ ցուցանակները, որոնց փոխարեն պետք է լինեն պարզ ու խոշոր գրված երկլեզու փողոցների և ուղղությունների անվանումները։ Եթե մեկ անգամ էլ նայեք լուսանկարին, կհամոզվեք, որ ամենամեծ ու երևացող նշանն է այստեղ կրկեսի գովազդային ցուցանակը։ Ավաղ, սա տխուր օրինաչափություն է, որը կրկեսի է վերածում մեր քաղաքը՝ ամենամահաբեր կրկեսի։ Կոպեկանոց ձողի բացակայությունը, կոպեկանոց շահի առկայությունը բերում է հարյուրավոր մահերի, հազարավոր վթարների, միլիոնավոր ծախսերի։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը բոլորից շատ է ուզում` եվրոպական կարգ ու կանոն հաստատվի մեր երկրում, բայց սկսել պետք է ոչ թե քաղաքացիներին տուգանելուց ու պատժելուց, այլ միմյանց հարգելուց և հարմար ու քաղաքակիրթ պայմաններ ապահովելուց բոլորիս համար։ Մենք շարունակելու ենք հետևել այս թեմային»։

7993 | 2
Facebook