Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս սրվող պսևդոքաղաքական փոխհրաձգությունից շահած կարող են դուրս գալ միայն ներկա իշխանությունների հակառակորդները: Վերջիններիս նկատմամբ հասարակության շրջանում պատրանքներ չկան, և իմիջի, համբավի առումով իրենք կորցնելու բան չունեն, իսկ հաշվի առնելով, որ ի դեմս կոնկրետ անձանց հանդես են գալիս հետապնդվողների դերում, կարող են նույնիսկ կարեկցանք առաջացնել իրենց չսատարող որոշ քաղաքացիների մոտ: «Իմքայլականների» վիճակը միանգամայն այլ է: Բազմիցս կարծիք եմ հայտնել, որ իրենց նկատմամբ հանրային աջակցությունը պայմանավորված է ոչ թե խորապես գիտակցված վստահությամբ ու համակրանքով, այլ՝ նախկիններին մերժելու հանգամանքով և նորերի մեջ երազած քաղաքական առաջնորդներ տեսնելու ցանկությամբ: Մեծ մասի պատկերացումները ենթադրում էին ոչ միայն քաջություն, վճռականություն, չկոռումպացվածություն, այլ նաև՝ պատասխանատվության զգացում, անձնական հասունություն, պարկեշտություն, զսպվածություն, մեծահոգություն և բարոյականության նման ուրիշ հատկանիշների առկայություն: Այդ երազածից տարբերվող կառավարման արդյունավետությունը և հրապարակային վարքագիծը իրենց խոշոր ու մանր դրսևորումներով, հղի են վարկանիշային կտրուկ անկումով: Watch your steps and words, guys! Խունվեյբինական տիպի հեղափոխական հավատարմություն ցուցաբերող շրջանակների արձագանքներով ղեկավարվելը լավ տեղ չի տանելու»: