Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու օրենսդրական նախագիծը շրջանառության մեջ է դրվել

17:15, երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.
Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու օրենսդրական նախագիծը շրջանառության մեջ է դրվել

ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը: Դրա համաձայն՝ նախատեսվում է ստեղծել մեկ միասնական մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե:

Ինչպես նշված է փաստաթղթի հիմնավորման մեջ, այժմ ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ ազգային անվտանգությունը, հարկային և մաքսային մարմինները: Մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը:

Բացի այդ, Հայաստանը, միջազգային մի շարք կառույցների անդամակցելով, ստանձնել է կոռուպցիոն իրավախախտումների բացահայտման գործող կառուցակարգեր ստեղծելու պարտավորություն: Միջազգային գործընկեր կազմակերպություններն էլ իրենց հերթին պնդել են, որ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածությունը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննության հիմնական մարտահրավերներից է:

Կոմիտեն կազմակերպելու և իրականացնելու է քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունը, դրանց հայտնաբերման, բացահայտման, կանխման և խափանման գործունեությունը, ինչպես նաև հանցագործությունների նախաքննությունը:

Նախագծով առաջարկվում է կոմիտեի նախագահի ընտրության համար ձևավորել մրցութային խորհուրդ: Այն ձևավորվելու է կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության կողմից առաջադրած մեկական թեկնածուներից։

Նրանցից էլ վարչապետը՝ նշանակում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ 8 տարի ժամկետով: Նույն անձը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում կարող է նշանակվել միայն մեկ անգամ:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներին կոմիտեի նախագահի առաջարկությամբ նշանակում է վարչապետը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ունի երկու տեղակալ՝ հակակոռուպցիոն և օպերատիվ-հետախուզական հարցերով: Մյուս ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը: Այն լրանալուց հետո հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը համարվում է 65 տարեկանը: Նախագծով ամրագրված է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ապաքաղաքականացված մարմին է և իր լիազորություններն իրականացնելիս պահպանում է քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Կոմիտեի ծառայողը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում, նույն ժամկետում էլ հրապարակում է տեղեկատվություն՝ իր գործունեության վերաբերյալ:

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ կոմիտեի ստեղծմամբ լուծարվելու է Հատուկ քննչական ծառայությունը: Դրա ղեկավար Սասուն Խաչատրյանը իր՝ նոր կառույցի ղեկավար դառնալու հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան ասել էր. «Կոռեկտ չէ՝ ես նման բաների մասին հիմա խոսեմ, որովհետև էդ հարցը ես չեմ լուծում»:

4461 | 0
Facebook