Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը կրկին անդրադարձավ պարտադիր սպանդանոցային մորթի պահանջին

11:20, հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.
Վարչապետը կրկին անդրադարձավ պարտադիր սպանդանոցային մորթի պահանջին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մեկ անգամ ևս անդրադարձավ սպանդանոցային մորթի պահանջին. «Ուզում եմ հստակեցնել, թե ինչ ենք պայմանավորվում.

1. Նախ այս պայմանն արձանագրում է հետևյալը, որ մինչև փետրվարի 6-ի նիստը մենք կրկին նայում ենք, ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի մեր ծրագրերը՝ կապված գյուղատնտեսության, այսինքն՝ այն ծրագրերը, որոնք այսօր էլ կարող են ֆինանսավորել արտոնյալ կարգով սպանդանոցներին և գումարած դրան լիզինգային ծրագրերը, որի մեջ ենթադրում եմ, պիտի տեղ լինի, եթե չկա, բացենք՝ նաև շարժական սպանդանոցների համար, որպեսզի լիզինգով դա հնարավոր լինի ձեռք բերել քաղաքացիների կողմից:

2. Կազմվում է Հայաստանի Հանրապետությունում բախշվածության և խտության նախընտրելի քարտեզ, և մենք հասցեական ֆինանսավորում ենք, այնպես ենք անում, որ այդ պոտենցիալ սպանդանոցներն ունենան անհրաժեշտ և խելամիտ բաշխվածություն, որպեսզի Հայաստանի Հանրապետության մարզերում լինի սպանդանոցների համաչափ հասանելիություն:

3. Այս ընթացքում ընդունում ենք նաև առաջարկներ, թե ինչպես, ինչ նրբություններով կարող ենք հարստացնել այս փաթեթը, որպեսզի առավել արդյունավետ գործի:

Եվ այս ամենի արդյունքում մենք պայմանավորվում ենք հետևյալը, որ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններով գործում են միայն Երևան քաղաքի սուպերմարկետները և Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում մենք թողնում ենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կա դե ֆակտո այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է այս նոր համակարգին, և որևէ ցույց, բողոքի դրսևորում և այլն չի լինելու՝ անկախ ամեն ինչից: Եթե այս պայմանն այսօր բողոքի գործողություններ իրականացնող մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է, կամ, համենայն դեպս, նրանք համաձայն են, որ մենք պայմանավորվենք սրա շուրջ, ուրեմն մենք այս որոշումը կկայացնենք մինչև հուլիսի 1-ի հետ կապված, և սա պետք է լինի մեր պայմանավորվածությունը: Եթե պարզվի՝ ընդունելի չէ, ուրեմն մենք այդ վարկային ծրագրերը նաև բացելով, իհարկե, բայց պետք է ասենք, որ այսօրվանից է այդ պայմանը գործում: Այսինքն՝ եթե հուլիսի 1-ից հետո էլ սա ընդունելի չի լինելու, ուրեմն այսօրվանից է սա գործում, ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի: Եվ հետևաբար, եթե մենք առնվազն էական դրսևորումներ չենք ունենում, ուրեմն պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը Երևան քաղաքի սուպերմարկետները, սննդի օբյեկտները գործում են սպանդանոցային տրամաբանությամբ, այսինքն՝ այդ 5-րդ ձևի սերտիֆիկատի պայմաններում, իսկ մյուսները մինչև հուլիսի 1-ը ժամկետ են ստանում, մենք էլ աջակցում ենք, որպեսզի այս հարցը կարգավորվի: Նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին եմ դիմում՝ այս ընթացքում պետք է նաև իրազեկել մարդկանց, թե սպանդանոցներն ինչ պայմաններում են գործում, որովհետև մարդիկ տեղյակ չեն, օրինակ, որ սպանդանոցներն իրենք ունեն պարտավորություն՝ տեղափոխել մորթի ենթակա գլխաքանակը, եթե գլխաքանակի տերը, ֆերմերները այդպիսի ցանկություն ունեն, այսինքն՝ այս պրոցեսը մանրամասն իր բոլոր հնարավորություններով պետք է լուսաբանվի, որպեսզի ամեն ինչ պարզ լինի: Պարոն Գրիգորյան, Դուք համակարգում եք գործընթացը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ այս հարցը կարգավորում եք, և փետրվարի 6-ի նիստում արդեն մենք պետք է սրա հետ ունենանք կոնկրետ առաջարկ: Նիստի օրակարգում պետք է լինի, և զեկուցվող հարցի ռեժիմում այս հարցը պետք է քննարկենք, որպեսզի հուլիսի 1-ի դրությամբ այս թեման ամբողջական փակենք»,- ասաց Փաշինյանը:

4139 | 0
Facebook