Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Չի կարելի պահանջել, որ մթերողները թրիքոտ կաթը կրկնակի գնով մթերեն». Փաշինյան

20:15, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
«Չի կարելի պահանջել, որ մթերողները թրիքոտ կաթը կրկնակի գնով մթերեն». Փաշինյան

«Այսօր ՀՀ-ում կան ընկերություններ, որոնք հոլանդական ընկերությունների հետ համատեղ արտադրում են հոլանդական տեխնոլոգիայով պանիր և արտահանում են տարբեր երկրներ: Դրանք, սակայն, արտադրվում են ներկրված կաթի փոշով»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում առկա կաթը չի համապատասխանում այն չափանիշներին, որն անհրաժեշտ է բարձրորակ արտադրանք ստանալու համար. «Հայաստանում կաթ մթերող ընկերությունները պատրաստ են ստանդարտներին համապատասխանող կաթը մթերել 190 և ավելի դրամով: Ինչո՞ւ չի համապատասխանում, որովհետև մենք սովորել ենք, որ կաթը պետք է կթենք ձեռքով, ալյումինե դույլերով, ռեզինե սապոգներով, և այդ կաթի մեջ, պետք է անպայման, հազար ներողություն, գոմաղբի որոշակի ներկայություն լինի»,- ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի առաջարկել էր խելացի գոմերի ծրագիրը. «Մենք գյուղացիների համար կազմակերպում ենք ուսումնառություն, տալիս ենք ստանդարտները, տալիս ենք զրո տոկոսով վարկ: Ասում ենք՝ էդ խելացի անասնագոմերը ստեղծեք, և դուք կաթ մթերելու պրոբլեմ չեք ունենա: Եթե դուք վարկ չեք ուզում, իրարից պարտք արեք, ստեղծեք այդ գոմերը, մենք ձեր ծախսած փողի 50 տոկոսը կվերադարձնենք: Գլխաքանակի համար էլի զրո տոկոսով վարկ ենք տալիս: Սոցիալապես անապահով 1000 ընտանիքի համար կովն էլ ենք առնում, կերն էլ ենք առնում, մասնագետին էլ ենք տալիս, ամիսն էլ 25 հազար դրամ փող ենք տալիս: Ես դեմ եմ, որ մենք ամեն անգամ սկսենք լացել: Կներեք, թրիքոտ կաթով հնարավոր չէ բարեկեցություն ստանալ: Չի կարելի պահանջել, որ մթերողները թրիքոտ կաթը կրկնակի գնով մթերեն»,- ասաց վարչապետը:

18691 | 0
Facebook