Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 220-ի: Այս մասին An-Nashra լրատվականին հաղորդել է Լիբանանի Կարմիր խաչի ներկայացուցիչը: Ըստ նրա` ավելի քան 80 ցուցարար տեղափոխվել է հիվանդանոց, մնացած 140-ին օգնություն է ցուցաբերվել տեղում:
Բեյրութի կենտրոնում իրավիճակն այժմ լիովին վերահսկվում է բանակի պարեկային ծառայության և անվտանգության ուժերի կողմից: Անկարգություններ հրահրողները ձերբակալվել են. նրանք արմատական ներկայացուցիչներ էին՝ ժամանած Լիբանանի հյուսիսից: Անվտանգության ուժերի շարքերում կան նաև տասնյակ վիրավորներ: An-Nashra-ն հայտնում է, որ վիրավորված ոստիկանները հոսպիտալացվել են, քանի որ ցուցարարներն իրավապահների վրա քարեր, պայթուցիկներ, բռնկվող խառնուրդով շշեր ու սուր իրեր են նետել: Լիբանանի ՆԳՆ ղեկավարը՝ Ռայա ալ-Հասանը, նման գործողություններն անվանել է «բացարձակ անընդունելի»:
Ոստիկանական ուժերը ջրային թնդանոթներ և արցունքաբեր գազի նռնակներ են կիրառել ցուցարարների դեմ՝ Պլյաս Էտուալ շրջանում, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը: Ցուցարարները փորձել են ներխուժել հրապարակ՝ օրենսդիր մարմնի լուծարումը պահանջելով, սակայն նրանց գործողությունները ձախողվել են։ Չհասնելով իրենց նպատակին՝ արմատականները սկսել են ջարդել գրասենյակների և խանութների պատուհանները, գովազդային վահանակները։ Արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել Սուրբ Գեորգի կաթոլիկ տաճարի մոտ, որը մարվել է հրշեջների կողմից:
Լիբանանի բանակի անձնակազմը ուղարկվել է Բեյրութի կենտրոն՝ ոստիկանությանը օգնություն ցուցաբերելու համար։
Ցույցերի նոր ալիքը Բեյրությում սկսվել էր հունվարի 13-ին, երբ ցուցարարների առաջնորդները հայտարարել էին իշխանության վրա ճնշումն ուժեղացնելու համար քաղաքացիական անհնազանդության գործողությունների մեկնարկի մասին։
Լիբանանում ցույցերը սկսվել են երեք ամիս առաջ, որոնք հոկտեմբերի 29-ին հանգեցրեցին կոալիցիոն կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հրաժարականին։