Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սասնա Ծռեր»-ը հայտարարություն է տարածել

15:20, շաբաթ, 18 հունվարի, 2020 թ.
«Սասնա Ծռեր»-ը հայտարարություն է տարածել

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ. «Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է:

Պետությունը զավթած ազգադավ ու ոճրագործ մաֆիան 2018-ի գարնանը համաժողովրդական ընդվզմամբ տապալվելուց հետո չչեզոքացվեց։

Հեղափոխական կոչվող նոր իշխանությունը հեղափոխություն անելու փոխարեն դարձավ մաֆիոզ ռեժիմի իրավահաջորդ և մինչ օրս փորձում է մաֆիային չեզոքացնելու փոխարեն «լեզու գտնել» նրա հետ։
     Տեսնելով, որ նոր իշխանությունը պատժելու փոխարեն լեգիտիմացնում է իրեն և դասական ընդդիմության է վերածում՝ մաֆիան թեթևացած շունչ քաշեց և արդեն 2018-ի ամռանը վերակազմակերպվեց ու ձեռնամուխ եղավ ռևանշի։

Մինչդեռ հենց 2018-ի մայիսից սկսել ենք զգուշացնել նոր իշխանությանը, որ չի կարելի ռեժիմին թավշյա մեթոդով տապալելու բացառիկ հաջողությունը դարձնել մատի փաթաթան և պատսպարվել դրա հետևում։
     Զգուշացրել ենք, որ պետությունը միայն մասամբ է ազատագրված, որ հատկապես ուժային և դատաիրավական մասով մնում է մաֆիայի ձեռքում, ուստի անցումային արդարադատություն չիրականացնելու, առաջին հերթին՝ Հայկական Նյուրնբերգ և լյուստրացիա չկազմակերպելու, ինչպես նաև ուժային մարմինները չմաքրելու դեպքում մաֆիան ձգտելու է ամեն գնով նորից ամբողջությամբ վերազավթել պետությունը։
     Զգուշացրել ենք նաև, որ իր նպատակին հասնելու համար մաֆիան ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու և արյուն է հեղելու։

Ցավոք սրտի, իշխանությունը չլսեց մեր և հետագայում նաև շատ ուրիշների զգուշացումներն ու հորդորները։
     2019-ի աշնանից սկսած՝ ազատորեն գործելու հնարավորություն ստացած մաֆիան սողացող ռևանշի իր մարտավարության մեջ հասավ այն կանխատեսելի հանգրվանին, որ սկսեց ֆիզիկապես վերացնել կարևոր տեղեկության տիրապետող և տարբեր պատճառներով իր վերահսկողությունից դուրս մնացած անձանց։
     Սակայն գործող իշխանությունը շարունակում է կառավարման իմաստով մնալ հանցավոր անգործության վիճակում։ Նույնիսկ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի սպանությունից հետո իշխանությունը չսթափվեց և գոնե անվտանգության ապահովման միջոցներ չձեռնարկեց կարևոր տեղեկույթի տիրապետող նախկին պաշտոնյաների նկատմամբ։

Ցավով և ափսոսանքով պետք է արձանագրել, որ ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գեորգի Կուտոյանի սպանությունը նշված գործընթացի հերթական, բայց ոչ վերջին գործողությունն է։
     Արդեն կարող ենք փաստել, որ սողացող ռևանշը շատ է առաջ գնացել և գործող իշխանությունը բաց է թողել դրա թափ առած անիվը միայն իր ուժերով հետ շրջելու հնարավորությունը։

Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է։ Եթե մաֆիան դա ևս մարսի, ապա կանցնի բաց և լայնածավալ հարձակման։

Ուստի, գործող իշխանությունը հայտնվել է ճամփաբաժանի առաջ՝ սթափվել, դուրս գալ ինքնարբեցումի թմբիրից, ձեռք մեկնել ազգային-ժողովրդավարական ուժերին, նրանց հետ կազմել ազգային համաձայնության կառավարություն և ավարտին հասցնել հեղափոխությունը, կամ տապալվել և ռևանշի աղետալի վտանգի առաջ կանգնեցնել իրեն, ժողովրդին ու պետությանը»:

41383 | 0
Facebook