Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Ծննդատների փակման տխուր ազդակները». Անի Սամսոնյան

14:45, չորեքշաբթի, 15 հունվարի, 2020 թ.
«Ծննդատների փակման տխուր ազդակները». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծննդատների փակման տխուր ազդակները. ՀՀ Կառավարության՝ ծննդատներ փակող նախարար Արսեն Թորոսյանը մշակել է մոր և մանկան առողջությանը և ծննդօգնության կազմակերպմանը վերաբերող փաստաթուղթ միջազգային չափանիշներին համապատասխան և կազմել է ծննդատների անձնագրերը։

Նախարարը պարզել է, որ շատ ծննդատներ չեն համապատասխանում այդ չափանիշներին, վերլուծել է ծննդօգնությունների թիվը, նրանց ժամանակ է տվել, հետո հասկացել, որ խնդիրը գրեթե լուծված է։ Դրանք պետք է փակել, որովհետև քչացող ծննդօգնությունների պարագայում ներդրումներ և ջանք թափել այստեղ իմաստ չունի։

Առողջապահության նախարարն այս հարցում իրեն դրսևորում է զուտ որպես մենեջեր (դա էլ է վիճելի թերևս)՝ մոռանալով, որ նա երկիրը կառավարող քաղաքական ուժի տեսլականի իրագործողն է։

Իսկ որն է այդ տեսլականը։ Նպաստել դեմոգրաֆիայի աճին։ Չկա և չի լինելու իշխանություն, որը կունենա հակառակ միտումը։ Բայց ինչպե՞ս։ Օրինակ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խրոխտ հայտարարում է, որ 2050-ին Հայաստանի բնակչությունը հասնելու է 5 միլիոնի (ի դեպ, սահմանում է ավելի բարձր նշաձող, քան նախորդները), ես նրա խոսքին վստահում եմ։ Բայց ինչպե՞ս։ Սա է հարցը։ Երբ 2019-ին Կառավարության հնչեցրած բարի ցանկություններին ի պատասխան տալիս էինք «ինչպես»-ի հարցը և պահանջում նշել կոնկրետ գործողություններ, մարդիկ մեզ ասում էին՝ «թողեք Կառավարությունն աշխատի»։ Թողել ենք։

Ծննդատների փակման փաստը խոսքերի հետևում գործողությունների պլանի բացակայության հետևանք է։ Օբյեկտիվ լինելու համար, պետք է նշեմ, որ Կառավարության որոշումներով բարձրացել են առաջին և երկրորդ երեխայի ծնդդյան միանվագ գումարները, սակայն սա հարցի լուծում չէ և չի հասցնելու նշաձողին։
     Եվ այսպիսով, նախարար Թորոսյանի նախաձեռնած ծննդատների փակումը լակմուս է հետևալ հարցերի համար․

1. 2050-ին 5 մլն բնակչություն ունենալու ցանկությունն ընդամենը ցանկություն է։ Հակառակ դեպքում, եթե լիներ պլան, կկանխատեսվեր նաև ծնելիության աճ և, ըստ այդմ, մենք այսօր կքննարկեինք ոչ թե ծննդատների փակման հարցը, այլ դրանց արդիականացման և սպասվող «բեյբի բումի» համար նախապատրաստման նպատակով գումար հայթայթելու հարցը։

2. Եթե պլանն առկա է, ուրեմն` Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պիտի լքի իր պաշտոնը, որովհետև, ըստ էության, ծննդատների խնդիրը լուծելու և գլուխն ազատելու ելքը նրա համար մեկն է՝ փակել դրանք։

3. Հստակ է, որ Կառավարությունում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Հայտնի է, որ նախարարի որոշմանն ընդդիմացել են Տավուշի և Կոտայքի մարզպետները։ Մարզպետը որպես ինստիտուտ՝ օրենքով սահմանված, համարվում է Կառավարության քաղաքականության և որոշումների իրագործողը մարզերում։ Այնինչ ստացվում է, որ մարզպետներն են թելադրում կանոնները մարզերում, ընդդիմանում վերևներին և փորձում փրկել իշխանության քաղաքական դեմքը տեղերում։ Բնականաբար, Արսեն Թորոսյանը ձայներ չի հավաքելու ընտրություններին մարզերում, այլ` մարզպետները։

4. Պատերազմող երկիրն առհասարակ չի կարող մտածել և գործել այնպես, որը կհանգեցնի այնպիսի ենթակառուցվածքների փակմանը, որոնք կենսական նշանակություն կարող են ունենալ բնակչության համար։

5. Եվ վերջապես, նախարար Արսեն Թորոսյանը, եթե կարծում է, որ ծավալներն ուղիղ կապ ունեն որակի հետ և հակառակը չի մտածում, որ որակն էլ կապ ունի ծավալների հետ, այդ թվում նաև առողջապահության ոլորտում, առհասարակ անհաջող մենեջեր է։

Որպես ամփոփում։ Ծննդատներ փակելը վատ ազդակ է ևʹ ներքին, և՛ արտաքին։ Ես՝ որպես երկրի կառավարման պատասխանատու, ծննդատներ փակող նախարար չէի ցանկանա ունենալ»։

| | |
1571 | 0
Facebook