Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում միլիոնավոր նոր ծառերի տնկման հնարավորություններն ու առկա ռիսկերը

08:45, երեքշաբթի, 14 հունվարի, 2020 թ.
Հայաստանում միլիոնավոր նոր ծառերի տնկման հնարավորություններն ու առկա ռիսկերը

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ու ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համատեղ ջանքերով վերջերս Հայաստանում անցկացվեց «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով միջոցառումը: Գագաթնաժողովի մասնակիցների թվում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Քենիայի «Կանաչ գոտի» շարժման, «Woods Hole» գիտահետազոտական կենտրոնի, KKL- JNF իսրայելական ազգային հիմնադրամի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի, «Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնության» ներկայացուցիչներ, այլ տեղական և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:

Միջոցառման բացումը կատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթում խոստանալով մինչև 2050 թվականը կրկնապատկել Հայաստանի անտառածածկույթը և կոչ անելով ողջ ազգաբնակչությանը ներգրավվել 2020 թվականին նախատեսվող ծառատնկման լայնածավալ աշխատանքներում:

Քննարկելով ոլորտում առկա բազում մարտահրավերները՝ անտառտնտեսությունների մասնագետները կիսվեցին իրենց փորձով և ներկայացրեցին առաջարկություններ, որոնք էապես կարող են նպաստել Հայաստանի անտառածածկույթի կտրուկ ընդլայնման գործընթացին: Վերոնշյալ հավակնոտ ծրագրերի իրականացման հաջող ընթացքն ապահովելու նպատակով մենք փոխանցում ենք այս առաջարկություներն ու գաղափարները ՀՀ կառավարությանն ու համապատասխան նախարարություներին:

Առաջին և ամենակարևոր առաջարկն ու հորդորը հետևյալն է՝ զերծ մնալ ոչ բնիկ ծառատեսակներ ներկրելուց և տնկելուց: Օրեգոնի պետական համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Էնթոնի Դեյվիսն իր ելույթի ժամանակ նշեց հետևյալը. «Շատ կարևոր է ուսումնասիրել տվյալ ծառի կամ բուսակի գենետիկ կազմը, քանի որ որևէ մեկը չի ցանկանում կորցնել հայկական բնաշխարհում հազարամյակներ շարունակ գոյատևած այդ ծառերի գենետիկ ժառանգությունը»:

KKL-JNF իսրայելական ազգային հիմնադրամի անտառագետ Դոկտոր Օմրի Բոննեհը ևս հանդես եկավ նմանատիպ հայտարարությամբ: Իսրայելական ազգային հիմնադրամն անտառվերականգնման ուղղված իր առաջին քայլերը սկսել էր Կենտրոնական Եվրոպայից տնկիներ և արմատակալներ ներկրելուց, որոնք, սակայն, հետագայում, պարզվեց, հարմարեցված չէին Իսրայելի բնակլիմայական պայմաններին: Հիմնադրամն այնուհետև որդեգրել է այլ գործելակերպ՝ արդյունքում գրանցելով տնկիների աճի և բազմացման բարձր ցուցանիշ:

Գիտությունների ազգային ակադեմիայի, Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի գիտնականներն ու ոլորտի մասնագետները ժողովի ընթացքում իրենց մտահոգությունն արտահայտեցին ներկրված տնկիներից Հայաստանի էկոհամակարգ ներթափանցող հնարավոր ինվազիվ բուսատեսակների, ինչպես նաև միջատների, սնկերի և բույսերի այլ հիվանդություններ ռիսկերի առնչությամբ:

Երկրորդ առաջարկությունը խառն անտառների տնկումն է, որպեսզի հնարավորություն ստեղծվի ձեռք բերել ավելի առողջ և կենսաբազմազանությամբ հարուստ անտառներ:

Դոկտոր Բոննեհը իր ելույթում նշել է, որ «հարկավոր չէ տնկել միայն սոճու անտառներ»՝ կրկին հղում կատարելով Խորհրդային Միության և Իսրայելի անտառագետների փորձին, որոնք ժամանակին թյուրիմացաբար տնկում էին միայն սոճու լայնատարած անտառներ:

Վնասատուներն ու հիվանդությունները կարող են հեշտությամբ ոչնչացնել միակազմ անտառները: Ի դեպ, նմանատիպ երևույթի մենք ականատես ենք եղել տարիներ առաջ Հայաստանում, երբ այն դեռևս Խորհրդային Միության կազմում էր: Միակազմ անտառները համեմատաբար նվազ դիմացկուն են և ավելի ենթակա հրդեհների: Անդրադառնալով խառն անտառներին՝ հարկ է նշել, որ վերջիններս ավելի շատ են մթնոլորտից կլանում ածխաթթու գազ՝ այսպիսով դրական ազդեցություն ունենալով կլիմայի փոփոխությունը մեղմելու գործընթացում, միաժամանակ օգնելով Հայաստանին իրականացնել Փարիզյան համաձայնագրով ստանձնած հանձանառությունը:

Վերջին առաջարկությունը վերաբերում է անտառվերականգնման այլընտրանքային տարբերակների դիտարկմանը, որը հիմնված չէ միմիայն թաղարներում բույսերի աճեցման վրա:

Հիմնվելով Հայաստանում բույսերի աճեցման և տնկման մեր երկարատև փորձի վրա՝ առաջարկում ենք հաշվի առնել հետևյալ մի քանի մոտեցումները՝

· էնդեմիկ ծառատեսակների աճեցման և վերատնկման համար ընտրեք բնակլիմայական պայմաններ ունեցող համեմատաբար մոտ գտնվող տեղամասերը:

· Գարնանը և աշնանը բույսերը տնկեք՝ կիրառելով բաց արմատային համակարգ: Այն նպաստում է բույսերի արագ աճին և տեղափոխմանը՝ հնարավորություն ընձեռելով վերատնկել ավելի շատ ծառեր, քան թաղարների օգտագործման պարագայում:

· Նոր տեխնոլոգիաներ փորձարկելու նպատակով ուսումնասիրեք փորձնական ծրագրեր, ինչպես օրինակ՝ հեռակառավարվող անօդաչու սարքերի միջոցով տնկումներ:

· Տնկեք սերմեր, ինչպես օրինակ կաղիններ՝ որպես լրացուցիչ տնկիներ

5100 | 0
Facebook