Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հուշարձաններն ու քաղաքը տուրիստների համար չեն, դրանք մեր կենսական միջավայրն են». Վիգեն Գալստյան

00:50, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
«Հուշարձաններն ու քաղաքը տուրիստների համար չեն, դրանք մեր կենսական միջավայրն են». Վիգեն Գալստյան

Արվեստաբան, համադրող, նկարիչ Վիգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մի տաս օր՝ ամեն օր, ուզում եմ արձագանքեմ հուշարձանախռով էս վերջին շաբաթներին։ Բայց ամեն օր մի նոր իրավիճակ կամ իրադարձություն է բոցկլտում, որի պատճառով դժվար է դառնում կշռադատված միտք հայտնելը։ Սկզբից Տպարանի կամ նախկին Գրապալատի շենքի թնջուկն էր, որը գնում էր դեպի կառուցողական հանգուցալուծում, քանի որ իշխանությունները պատրաստ էին քննարկել ու ավելի լավ լուծումներ գտնել։ Բայց այդ պատրաստակամությունը կարծես թե ջրվեց ու նորից բացվել է Պանդորայի տուփն ու միջից հորձանուտով թափում են ամեն տեսակի նզովքներ ու զավեշտներ։ ԿԳՄՍ նախարարությունն ակնհայտորեն նոր «պրոակտիվ» քաղաքականության է անցել, որպեսզի ցույց տա, որ իրենք տիրապետում են վիճակին, ու մի բան էլ ավելի։ Նախարարը հայտնում է, որ Հանրապետության հրապարակի հնագիտական շերտը բացվելու է, ստեղծվելու է «տուրիզմի համար գրավիչ վայր», հետո ինչ-որ իրազեկող թերթիկներ են բաժանում հուշարձան շենքերի սեփականատերերին, որ իբր տեղյակ պահեն մարդկանց իրենց պատասխանատվությունների մասին, նոր նախաձեռնություն է ստեղծվում հուշարձանների հաստատման ու վերահսկման իրավունքն ԱԺ-ին հանձնելու համար և այլն... Արտաքինից բարեփոխությունների նմանվող այս միտումները, ցավոք, իրական ու դրական տեղաշարժերից բավականին հեռու են։ Չկա բովանդակային կամ գաղափարական ոչ մի շարժիչ։ Ինչո՞ւ են ուզում բացել Հրապարակի հնագիտական շերտը։ Որովհետև մենք ուզում ենք ինչ-որ նոր բան իմանալ քաղաքի պատմության, ճարտարապետության կամ կենցաղի մասի՞ն։ Որովհետև, ի վերջո, ցանկանում ենք ազատ խոսել Երևանի բազմամշակութային անցյալի մասին ու չվախենա՞լ դրանից։ Որովհետև ուզում ենք վերջապես պատճաշ փորձ ձեռք բերել քաղաքում հնագիտական շերտերի կոնսերվացման ոլորտո՞ւմ։ Բնավ ոչ։ Գիտելիքը կապ չունի, օրենքի կամ քաղաքաշինական նոր մոտեցումների կիրառումը նույնպես։ Պեղվելու է հրապարակի մի փոքր հատված ցուցադրական նպատակներով, որ տուրիստների համար ավելի հետաքրքիր դառնա, ինչպես մի քանի անգամ նշեցին նախարարն ու փոխնախարը։ Մնացածի հետ գործ չունենք, որովհետև գլխացավանք է։ Թե ո՞նց է այդ շերտը վերականգնվելու ու ներկայացվելու, գաղափար անգամ չկա (բացի Ակրոպոլիսում տեսած ինչ-որ օրինակի), քանի որ նման բանի փորձ չունենք ու շտապում ենք տարիների աշխատանք ու բազմաթիվ մասնագետներ պահանջող նախագիծն արագ իրականացնել հաջորդ տուրիստական սեզոնի համար։ Ասեմ ավելին, Երևանի ամբողջ կենտրոնը հնագիտական շատ շերտեր պարունակող միջավայր է, սակայն նույն նախարարությունը (նախկինում և այսօր) ոչ մի քայլ չի ձեռնարկում քաղքաշինական գործընթացներում պարտադիր պեղումների օրենսդրական պահանջ մտցնել, ինչի պատճառով մենք կորցրել ենք և շարունակելու ենք կորցնել էս քաղաքի հետ կապված ամբողջ հնագիտական գիտելիքը։ Ու առնվազն զավեշտ է, երբ այս ամենին զուգահեռ հրապարակի կողքը՝ «Հին Երևան» կոչվող այլանդակության համար ահռելի կատլավաններ փորող կազմակերպությանն ընդհանրապես չեն խոչընդոտել ավիրելու այդ նույն նկուղները, որ մի քանի քայլ այն կողմ իբրև թե ուզում են պահպանեն։ Ցուցադրական կերպով վերհանել քաղաքի մահմեդական կամ ցարական շրջանի մի փոքր հատված, առանց նույնիսկ մտածելու, թե ինչ քաղաքական հետևանքներ դա կարող է ունենալ, նույնպես անմտություն է։ Բայց դա մի կողմ... Ո՞նց վերաբերվել այս ամենին, երբ միևնույն ժամանակ պատասխանատու մարմինները թույլ են տալիս Նիկոլայ Բաև եզակի շենքի վրա մանսարդ կառուցել՝ հիմնովին աղճատելով կառույցի ճարտարապետությունը, երբ կենտրոնում փլուզման է մատնված 19-րդ դարի վերջի արդյունաբերական ճարտարապետության երևանյան քիչ պահպանված օրինակներից մեկը (որվհետև հերթական օլիգարխի սեփականությունն է), երբ Կոնդի լավագույն պատմական տներից մեկը մի գիշերում հողին են հավասարեցնում, երբ Արամի 23 շենքն արդեն մեկ տարի է ինչ փլուզման եզրին է ու չի ամրակայվում, երբ 17-րդ դարի Կարմիր Կամուրջը քանդվել է ու ոչ մեկի վեջին չի, երբ Գյումրիի հնամենի ծառուղիներից մեկը ոչնչացնում են մաքսայինի համար պարկովկա կառուցելու համար, երբ Ռաֆայել Իսրայելյանի Արագիլ ռեստորանը թույլ են տալիս վերակառուցել առանց ինչ-որ նախագծի, երբ թողնում են այլանդակել Գյումրիի օդանավակայանի ֆանտաստիկ շենքը, երբ չեն հաստատում «Զվարթնոցը», «Ռոսիան» ու մոդեռնիստական շրջանի ամենակարևոր կառույցներից շատերը հուշարձանների ցուցակում, երբ մինչ օրս միջնադարյան կառույցների պատերը թույլ են տալիս «թազացնել» բալգարկայով, հատակն էլ մետլախով «դզել»։ Դուք ինքներդ ձեզ հավատո՞ւմ եք, որ ունակ եք ինչ-որ բան վերականգնել կամ կոնսերվացնել։ Ի վերջո, ո՞նց հավատանք, որ իրականություն է փոխվել, երբ ցանկացած մարդ կարող է ավիրել, խաթարել, փոխել հուշարձաններն ու ինչ-որ սիմվոլիկ տուգանք վճարելով «հուշարձանի» պրոբլեմը լուծել։ Ես ուղղակի ցանկանում եմ հորդորել իշխանությանը զերծ մնալ այս ճղճիմ, ցուցադրական միջոցառումներից, որոնք միայն խորացնում են այն արատավոր ընկալումները, ըստ որի՝ հուշարձանը, պատմական միջավայրը լոկ ինչ-որ բանին նպաստող տնտեսական ռեսուրս են, կամ տնտեսական «զարգացմանը» խանգարող խոչընդոտ։ Հուշարձաններն ու քաղաքը տուրիստների համար չեն, դրանք մեր կենսական միջավայրն են ու մեր հիշողությունը։ Իսկ հիշողության հետ, ինչպես երևում է, էս վերջին ամիսներին, իշխանությունները շատ լուրջ խնդիրներ ունեն։

Հ. Գ. Բիզնեսը, շուկան և նման բաները ճկուն են, հուշարձանները՝ ոչ»։

| | |
1860 | 0
Facebook