Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարոն Փաշինյան, ժողովուրդն ասում է նաև՝ կուշտը սովածի համար մանր է փրթում». Գարեգին Միսկարյան

01:10, շաբաթ, 11 հունվարի, 2020 թ.
«Պարոն Փաշինյան, ժողովուրդն ասում է նաև՝ կուշտը սովածի համար մանր է փրթում». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019 թվականի հոկտեմբերի 10-ի կառավարության նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց պետական գնումների մասին կառավարության եսիմ որ թվի եսիմ որ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը, որտեղ, ի թիվս այլ փոփոխությունների, կար նաև կետ, ըստ որի մրցույթի մասնակիցներից պահանջվելու է 100% բանկային երաշխիք։ Ի պատիվ Տիգրան Ավինյանի, նա դեմ էր որոշման նախագիծը նման ձևով ընդունելուն ու խոսեց որոշ ռիսկերի մասին, բայց... Փաշինյանը ասաց, որ հիմա «խիստ»-ը ընդունենք, հետո, որ խնդիրներ կլինեն` արագ կարձագանքենք։

Ուշադրություն` հիմա խնդիրը կա, ու կարիք կա արագ արձագանքման...

Ծառայություն մատուցող կազմակերպությունները, օրինակ շենք-շինությունների պահպանությունը ապահովող X ընկերությունը, որը ունի մրցույթի պահանջները բավարարող բոլոր պայմաններ` գրասենյակներ, համապատասխան պատրաստություն անցած և լիցենզավորված պահնորդներ, մեքենաներ և այլն, և որը 10 տարի պարտաճանաչ կերպով կատարել է իր պարտավորությունները, էսօր անհիմն կերպով զրկվում է պետությանը տարվա կտրվածքով 50 մլն-ի ծառայություն մատուցելու հնարավորությունից, որովհետև բանկերը երաշխիքը տրամադրում են, ոչ թե «արած գործը նայելով», այլ անշարժ և շարժական գույքի գրավադրման դիմաց։

Էդ որոշմամբ, կառավարությունը, մի հարվածով շուկայից դուրս նետեց պահնորդական (վստահ եմ նաև այլ) ծառայություններ մատուցող փոքր ու միջին ձեռնարկություններին և ու՞մ զիջեց տեղը... Իհարկե խոշոր սեփականատերերին։

Զորօրինակ, նման «խիստ» պայմանների պատճառով, ՊԵԿ-ի կողմից պահպանություն իրականցնելու համար հայտարարված և դեկտեմբերի վերջին կայացած մրցույթին, (որի արժեքը մոտավորապես 500 մլն էր), մասնակցեց միայն մեկ ընկերություն: Դրանից տուժեց և պետությունը, որովհետև պահանջվող 550 մլն դրամի գրավի պատճառով, մրցույթից դուրս մնացին այլ ընկերություններ, (որոնք, ըստ էության, ոչ պետական նմանատիպ (մեծ) մրցույթներում հաղթող են դուրս եկել), և տուժեցին այն ընկերությունները, որոնք կարողանում են լավ կազմակերպել իրենց աշխատանքը, բայց ֆիննախի անհիմն քմահաճույքի 1 մլն դոլարի գրավը չեն կարողանում բավարարել։

Էս թեմայով խոսել եմ որոշ պատգամավորների հետ, բոլորը համաձայն են, որ գնումների ընթացակարգում ծառայությունների հետ կապված նման մոտեցումը խիստ վիճահարույց է։ Բայց սայլը տեղից չի շարժվել։

Վարչապետը կառավարության վերոնշյալ նիստի ժամանակ ասում էր. ժողովուրդն ասում է` թանկից էժանը չկա։

Պարոն Նիկոլ Փաշինյան, ժողովուրդն ասում է նաև` կուշտը սովածի համար մանր է փրթում։
     Ասել եք` եթե խնդիր լինի, արագ կարձագանքենք։ Խնդիրը կա, ու մրցույթում շահած ընկերությունները «սև ցուցակ» են ընկնելու ձեր կատարած «խստացման» պատճառով, ծառայությունների ոլորտում, որտեղ պետությունը ոչ մի որակի կամ անորակի ռիսկ չի կրում։ Ուղղակի ռիսկ չկա ու վերջ»:

| | |
2853 | 1
Facebook