Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ.

Համացանց

«Մոսկվան ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի իշխանության նկատմամբ». Արման Բաբաջանյան

21:20, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
«Մոսկվան ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի իշխանության նկատմամբ». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործ ունենք ռուսական կողմից կիրառվող տեղեկատվական գրոհի կամ մանիպուլյացիայի հետ:

Այսօր՝ առավոտյան ռուսական РИА «Новости» գործակալությունը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ 2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ կսկսվեն Ղրիմի՝ Սիմֆերոպոլի և Երևանի միջև: Գործակալությունը մեջբերել էր Ղրիմի խորհրդարանի զրոսաշրջության, առողջարանների և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Չերնյակին, ըստ որի՝ ավիաընկերությունը, որը պատրաստվում է իրականացնել այդ թռիչքները, արդեն ստացել է համապատասխան թույլտվությունները:

Այս հրապարակումից ժամեր անց ինչպես Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այնպես էլ արտաքին գործերի նախարարությունը, հանդես եկան պաշտոնական պարզաբանում-հերքմամբ՝ տեղեկացնելով, որ ռուսական լրատվամիջոցի հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և որ Սիմֆերոպոլ-Երևան չվերթի վերաբերյալ պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա: Սակայն դրանից ժամեր անց նույն РИА «Новости» գործակալությունը Սիմֆերոպոլ-Երևան ավիահաղորդակցության մասին տեղեկությունը հրապարակեց մեկ այլ մատուցմամբ՝ այս անգամ էլ մեջբերելով Սիմֆերոպոլի օդանավակայանի մամլո ծառայության հաղորդագրությունն այն մասին, որ օդակայանը տեխնիկապես պատրաստ է միջազգային չվերթների ընդունմանը:

Ըստ ամենայնի, գործ ունենք ռուսական կողմից կիրառվող տեղեկատվական գրոհի կամ մանիպուլյացիայի հետ, ինչը նույն թեմայի հետ կապված տեղի է ունեցել նաև նախկինում: Բացառված չէ, որ պետական լրատվական գործակալության միջոցով այս տեղեկատվության շրջանառմամբ պաշտոնական Մոսկվան ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի իշխանության նկատմամբ դեպի Ռուսաստանին բռնակցված Ղրիմ ավիաչվերթներ իրականացնելու համաձայնություն ստանալու նպատակով:

Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ դեպի Ղրիմ ավիաչվերթներ կատարելու համար Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը՝ ԻԿԱՕ-ն, սահմանել է խիստ պատժամիջոցներ: Բացի դրանից, նման քայլը լրջագույն խնդիրներ կստեղծի մեզ համար արտաքին քաղաքական ասպարեզում: Հասկանալի է, որ Ռուսաստանն ամեն կերպ կձգտի Հայաստանի իշխանությունից նման որոշում կայացնելու համաձայնություն ստանալ, քանի որ որևէ այլ երկիր կամ ավիաընկերություն անցած ավելի քան հինգ տարիներին չի համաձայնել թռիչքներ կատարել դեպի Ղրիմ: Հայաստանի իշխանությունները, սակայն, որևէ պարագայում չպետք է տրվեն սադրանքների, ինչի արդյունքում Հայաստանը կարող է ներքաշվել ռուսական հերթական վտանգավոր ավանտյուրայի մեջ»:

| | |
3954 | 1
Facebook