Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այս ինքնաթիռը նախագծվել է ծաղրածուների կողմից․ հրապարակվել է #Boeing-ի աշխատակիցների նամակագրությունը

16:20, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Այս ինքնաթիռը նախագծվել է ծաղրածուների կողմից․ հրապարակվել է #Boeing-ի աշխատակիցների նամակագրությունը

Ինդոնեզիայում տեղի ունեցած վթարից առաջ ամերիկյան Boeing ընկերության աշխատակիցները կասկածներ են հայտնել Boeing 737 MAX ինքնաթիռի որոշ համակարգերի հուսալիության վերաբերյալ: Այս մասին հայտնում է The New York Times-ի էլեկտրոնային տարբերակը:

Պարբերականի լրագրողները ծանոթացել են այն փաստաթղթերի հետ, որոնք Boeing-ը 2019-ի դեկտեմբերին հանձնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի և ենթակառուցվածքների կոմիտեին, ինչպես նաև Դաշնային ավիացիոն վարչությանը: Փաստաթղթերի մի մասն իրենից ներկայացնում է ընկերության աշխատակիցների ներքին նամակագրությունը։ Ընկերության աշխատակիցները փորձել են Boeing ընկերության արտադրության ինքնաթիռների տարբեր թերությունները թաքցնել Դաշնային ավիացիոն վարչությունից։

2017 թվականով թվագրված նամակագրության տեքստերի համաձայն՝ ընկերության մասնագետներից մեկը Boeing 737 MAX-ին այսպիսի գնահատական է տվել. «Այս ինքնաթիռը նախագծվել է ծաղրածուների կողմից, որոնք, իրենց հերթին, կապիկների կողմից են ղեկավարվում»: 2018-ի այլ աշխատակիցների նամակագրության մեջ նշված է, որ Boeing ընկերության աշխատակիցները թույլ չեն տա իրենց ընտանիքների անդամներին թռչել այս ինքնաթիռով։

Boeing ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ այդ փաստաթղթերը ներկայացրել են Դաշնային ավիացիոն վարչության օրենսդիրներին: Ընկերությունը խոստովանել է, որ նամակագրության մի մասն «ամբողջովին անընդունելի է իրենց համար»:

Հիշեցնենք, որ Boeing 737 MAX-ների շահագործումը դադարեցվել էր 2 ավիաաղետներից հետո: Դրանցից մեկը տեղի էր ունեցել 2019 թվականի մարտի 10-ին, զոհվել էր 157 մարդ։ Ինքնաթիռը պատկանում էր Ethiopian Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր Ադիս Աբեբա-Նայրոբի չվերթը, սակայն թռիչքի մեկնարկից հաշված րոպեներ անց ինքնաթիռը վթարի ենթարկվեց։ Երկրորդ ավիավթարը տեղի էր ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ինդոնեզիայում: Lion Air ընկերության նույն մոդելի օդանավի աղետից զոհվեց 189 մարդ:

10987 | 0
Facebook