Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Հարցազրույցներ

«Հակված եմ մտածել, որ ադրբեջանցիներն են կոտրել «Դիանա Հարությունյան» էջը». Սամվել Մարտիրոսյան

23:25, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
«Հակված եմ մտածել, որ ադրբեջանցիներն են կոտրել «Դիանա Հարությունյան» էջը». Սամվել Մարտիրոսյան

«Եթե կարելի է ենթադրել, որ «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը հայտնաբերվել էր «Ֆեյսբուք»-ին դիմելու և տվյալներ ստանալու միջոցով, ապա նույն ենթադրությունը չի կարելի անել օրերս բացահայտված «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի վերաբերյալ: Եթե առաջինի դեպքում կային գրառումներ, որոնք խրախուսում էին ահաբեկչությունը, ինչի դեպքում «Ֆեյսբուք»-ը կարող է տվյալներ տրամադրել, ապա նույնը չի կարելի ասել օրերս հայտնաբերված կեղծ օգտատիրոջ արած գրառումների բովանդակության մասին», -168 TV-ի եթերում ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Ֆեյսբուքն այդքան արագ տվյալներ չէր կարող տրամադրել «Դիանա Հարությունյան»-ի վերաբերյալ. «Ամենառեալ տարբերակները հետևյալն են՝ կաʹմ այս տղան՝ Դիանայի էջը վարողը, գործում է ֆեյքերի թիմում, միայնակ չի, կաʹմ այդ թիմում կա ԱԱԾ-ի կամ ոստիկանության գործակալ։ Կա նաև մեկ այլ տարբերակ՝ վերջին շրջանում խոսվում էր այն մասին, որ ԱԱԾ-ն գնումներ է իրականացրել, ձեռք է բերել նոր տեխնիկա, որը թույլ է տալիս հայտնաբերել ֆեյքերին։ Գուցե այս տեխնիկական միջոցների շնորհիվ արդեն կա ֆեյքերի բացահայտված ցանկ։ Նշեմ, որ այս բոլոր տարբերակներն էլ ենթադրություններ են»,- ասել է Մարտիրոսյանը:

Հարցին՝ արդյոք այդ նոր տեխնիկական միջոցներով հնարավո՞ր է բացահայտել նաև հայտնի գաղտնալսումների հեղինակներին, Սամվել Մարտիրոսյանը պատասխանել է. «Կա հատուկ ծրագիր, որի մասին եթե կարճ ասեմ, կստացվի այսպես՝ եթե մարդը ինչ-որ բան է գրել, օնլայն է եղել, այս ծրագրով ֆիլտրվում են այն մարդիկ, որոնք այդ գրելու պահին օնլայն չեն եղել, էդպես, եթե 20-30 գործողություն է կատարում օգտատերը, այդ համակարգի միջոցով հնարավոր է լինում նրան բացահայտել, առավելևս, եթե նրանով արդեն հետաքրքրված են»,- ասել է մեդիափորձագետը։

Անդրադառնալով «Դիանա Հարությունյան»-ի ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին առաջադրված մեղադրանքներին՝ նա նշել է, որ մեղադրանքներից կարելի է ենթադրել, որ այդ էջը պատկանել է այլ անձի, որը կոտրել և օգտագործել են. «Ես հակված եմ մտածել, որ ադրբեջանցիներն են կոտրել էջը, որից հետո այդ գրառումը հավեսով օգտագործեցին մեր դեմ»,- ընդգծել է փորձագետը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի գործողություններին՝ կապված կեղծ օգտատիրոջ բացահայտման հետ, Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ ԱԱԾ-ի տարածած տեսանյութը դուրեկան չէր. «Մարդուն անգիր սովորած տեքստ տալու և խոսեցնելու ժամանակներն անցել են առնվազն 40 տարի առաջ, դա բրեժնևյան ժամանակներն էր հիշեցնում։ Կարծում եմ, որ վարչապետի մակարդակով ֆեյքերի դեմ պայքարի մասին չպետք է խոսք լինի. նախ՝ այդ ամեն ինչը միանշանակ չի ընկալվում, և կա վտանգ, որ այս ամեն ինչը հետո կարող է գնալ խոսքի ազատության դեմ պայքարի ուղղությամբ։ Բացի այդ, ֆեյքերին չափից շատ արժեք է տրվում, երբ երկրի ղեկավարությունն է զբաղվում դրանով»,- ասել է Մարտիրոսյանը։

Մանրամասները` տեսանյութում:

«Հակված եմ մտածել, որ ադրբեջանցիներն են կոտրել «Դիանա Հարությունյան» էջը». Սամվել Մարտիրոսյան
| | |
3968 | 1
Facebook