Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Թորոսյանը՝ Մարալիկի ծննդատան հետագա ճակատագրի մասին

15:35, հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ.
Արսեն Թորոսյանը՝ Մարալիկի ծննդատան հետագա ճակատագրի մասին

«Մեր բոլոր գործողությունները պետք է դիտարկել մանկական և մայրական մահացությունը կանխարգելելու տեսանկյունից: Այդ սկզբունքից ելնելով՝ որոշվեց՝ ամենացածր շեմը դրվելու է 150 ծնունդ։ Մենք մեկ բացառություն էինք գրել, որ աշխարհագրական անհասանելիության դեպքում կարող ենք թույլ տալ, որ 150-ից ցածր լինի: Մնացած բոլոր դեպքերում հաշվարկվել են մոտակա ծննդատներ հասնելու թե՛ ժամանակը, թե՛ ճանապարհը։ Այն բոլոր դեպքերում, որոնց համար որոշում է կայացվել, այդ հասանելիությունն ապահովված է։ Այդ 20 կամ 30 կմ-ն ավելի հեշտ է հաղթահարելի, քան մի բարդ դեպքում երեխայի կյանքը փրկելը»,- այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Մարալիկի ծննդատունը փակելու որոշմանը, ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ Առողջապահության նախարարությունն այդ որոշմամբ ֆինանսական տնտեսում չի անում: Նախարարի խոսքով՝ ՀՀ-ում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը որոշվել է վերանայել դեռևս 2018 թվականի կեսերից:

Ա. Թորոսյանը նշել է, որ Մարալիկի ծննդատունը փակվում է մի շարք հիմքերով` անհրաժեշտ բժիշկների բացակայություն, ծնունդների թվի նվազում, շենքային պայմաններ։ «Մարալիկի ծննդատունը փակելով` մենք որևէ ֆինանսական տնտեսում չենք անում, քանի որ, միևնույն է, այդ գումարները տրվելու են Արթիկի ԲԿ–ին, որը գտնվում է Մարալիկից 15 կմ հեռավորության վրա»:

Հիշեցնենք, օրեր առաջ հայտնի դարձավ, որ դադարեցվել է Մարալիկի ծննդատան ֆինանսավորումը: Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները, հարակից գյուղերի բնակիչների հետ միասին բողոքի ակցիա էին իրականացնում. նրանք փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ պահանջելով աշխատանքային բնականոն պայմաններ ստեղծել ծննդատան հետագա գործունեության համար:

5487 | 0
Facebook