Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անտիֆեյք»-ի պատասխանը՝ ԿԳՄՍ նախարարությանը

00:45, չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ.
«Անտիֆեյք»-ի պատասխանը՝ ԿԳՄՍ նախարարությանը

AntiFake.am-ը մամլո հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հունվարի 6-ին, ժամը 16:00-ի սահմաններում AntiFake.am-ը նյութ է հրապարակել, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ում «պարգևավճարները կազմել են 1.774.225.600 դրամ»:

Սակայն հրապարակման մեջ տեղի է ունեցել անճշտություն, որի վերաբերյալ հունվարի 7-ին, ժամը 16:00-ի սահմաններում AntiFake.am-ը հրապարակել է պարզաբանում:

«ԿԳՄՍ նախարարության պատասխան նամակում նշված է, որ նախարարության ընդհանուր աշխատավարձային ֆոնդն է կազմում 1.774.225.600 դրամ, որից էլ կատարվել են համապատասխան պարգևավճարային հատկացումները»:

Հրապարակման մեջ տեղ գտած անճշտության վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, առանց AntiFake.am-ին ծանուցելու և հերքում պահանջելու, նախ հրապարակում է արել իր ֆեյսբուքյան էջում, ապա AntiFake.am-ի վերաբերյալ ոչ պատշաճ և իրականությանը չհամապատասխանող որակումներ և գնահատականներ պարունակող մամլո հաղորդագրություն ուղարկել լրատվականներին, որը նույնպես հրապարակվել է նախարարության ֆեյսբուքյան էջում:

AntiFake.am-ը հետևողական է իր հետևորդներին ճշգրիտ և ստուգված տեղեկատվություն ներկայացնելու հարցում, սակայն աշխատանքի ընթացքում չեն բացառվում նաև անճշտությունները, որոնց պարագայում AntiFake.am-ի խմբագրությունը պատրաստ է ստանձնել պատասխանատվություն և հայցել իր ընթերցողների ներողամտությունը, ինչն արել է այս պարագայում:

Ուստի` կոչ ենք անում ԿԳՄՍ նախարարությանը զերծ մնալ AntiFake.am-ի հեղինակությունն ու գործարար համբավը արատավորող սուբյեկտիվ որակումներ և գնահատականներ տարածելուց, լրատվականների հետ հարաբերություններում դրսևորել զսպվածություն, անճշտությունների պարագայում առաջնորդվել «Զանգվածային լրատվության միջոցների» մասին ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերով, ինչպես նաև բարեխղճության, խոսքի և մամուլի ազատությունը հարգելու սկզբունքներով»:

5049 | 1
Facebook