Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ». Վաչագան Սարգսյան

11:30, շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ.
«Դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ». Վաչագան Սարգսյան

«Այբբենարան»-ի հեղինակ Վաչագան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ ներում.

«Վերջերս բախտ վիճակվեց բացել «Այբբենարան»-ը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ «Այբբենարան»-ի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ «Այբբենարան»-ի տեղն աղբամանում է»,- ասաց Սոնա Ղազարյանը։

Սոնա Ղազարյան, Ազգային ժողովի պատգամավոր, Ձեզ ասում եմ, որ Դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ:
     Իմ «Այբբենարան»-ում կան հազարավոր նկարներ: Դրանցից ընդամենը վեց նկարում կինը և տղամարդը (հայրը և մայրը) միասին են:
     Այդ նկարներից մեկում հայրը թերթ է կարդում, մայրը խոսում է հեռախոսով (էջ 26):
     Մյուս նկարում գյուղական պատկեր է: Այգում մայրիկը սփռոցի վրա ուտելիքներ է դնում, հայրիկը բզբզում է մեքենայի շարժիչը (էջ 29):
     Հաջորդ նկարում սեղանի շուրջ ճաշում է ողջ ընտանիքը (էջ51):
     Մյուս նկարում կինը ջուր է տալիս ամուսնուն (էջ 74):
     Մյուս նկարում հայրը, մայրը, երեխան՝ ուսապարկերը շալակներին սարերում են (էջ 81):
     Այսքանը: Հազարավոր նկարների մեջ չկա գեթ մի նկար, «որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ»:
     Սա բացահայտ կեղծիք է, անբարոյական սուտ: Այս պատրաստի, անգիր արած կաղապարը թութակի պես կրկնել, բերել հագցրել է իմ «Այբբենարանին»:
     Բայց սխալվել է աղջնակը և ստում է անողոք:
     Ճիշտ է, «Այբբենարանում» ներկայացված են Հայկ Նահապետը, Սասունցի Դավիթը, Վռամշապուհ արքան, Մեսրոպ Մաշտոցը, ճարտարապետ Մոմիկը, զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը և այլ մեծ հայեր, որոնք էլ խառնել են աղջնակի գենդերային անդորրը:
     Այսքան անպատասխանատու, գռեհիկ, ինքնահավան և տգետ մարդ վաղուց չէի տեսել:
     Ուրեմն, այս աղջնակի կարծիքով 21 տարի աղբամանից են սնվել մոտ մեկ միլիոն երեխա, որոնք սովորել են իմ «Այբբենարանով»: Աղբամանից են սնվել տասնյակ հազարավոր ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ, ծնողներ: Ու հիմա ինքը եկել է ու փրկում է մեր հասարակությունը:
     Ողբալի է և ամոթալի էս մակարդակի պատգամավոր ունենալը, որը կարող է լեզվի ճարպիկ շարժումով աղբաման նետել տասնյակ գործող դասագրքերի, մի քանի տասնյակ մեթոդական ձեռնարկների, ուսումնական պարագաների, գեղարվեստական, թարգմանական, մանկական մի քանի տասնյակ գրքերի հեղինակի գործը:
     Կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է իր կարծիքն արտահայտի պատգամավորի ակնհայտ կեղծիքի, հերյուրանքի և անբարո ստի վերաբերյալ»:

11368 | 1
Facebook