Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Քննիչները դրսևորել են անգործություն, ՔԿ-ն կեղծ տեղեկություն է տարածել, պարտակել հանցանքը. բաց նամակ

20:00, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
Քննիչները դրսևորել են անգործություն, ՔԿ-ն կեղծ տեղեկություն է տարածել, պարտակել հանցանքը. բաց նամակ

Կանանց աջակցման կենտրոնը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին և մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց։

Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

«Բաց նամակ ՀՀ Վարչապետ՝ պարոն Նիկոլ Փաշինյանին, Կանանց Խորհրդի նախագահ՝ պարոն Տիգրան Ավինյանին, ՀՀ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ տիկին Նաիրա Զոհրաբյանին, ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպան՝ պարոն Արման Թաթոյանին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ տիկին Զարուհի Բաթոյանին:

Ա. Մ.-ն հանդիսանում է «Կանանց Աջակցման Կենտրոն» հասարակական կազմակերպության (այսուհետ նաև՝ Կենտրոն) շահառուն, ով ընտանիքի անդամի՝ ամուսնու կողմից մշտապես ենթարկվել է դաժան ֆիզիկական և հոգեբանական բռնությունների:

Կենտրոնի կողմից Ա.Մ.-ին տրամադրվել է համապատասխան աջակցություն, այդ թվում՝ ժամանակավոր կացարան՝ ապաստարան:

2019 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի մարզային բաժնի քննիչի կողմից Ա. Մ.-ն որպես տուժող քրեական գործի շրջանակում հրավիրվել է քննչական բաժին՝ հարցաքննություն կատարելու նպատակով: Արդեն քննչական բաժնում պարզվել է, որ քննիչը կանչել է Ա. Մ.-ին բռնարար ամուսնու հետ առերես հարցաքննելու համար: Առերես հարցաքննությունից հետո, երբ շահառուն ցանկացել է Կենտրոնի փաստաբանի և սոցիալական աշխատողի ուղեկցությամբ հեռանալ քննչական բաժնից, նրա ամուսինը և որդին քննիչների ներկայությամբ կիրառել են բռնություն և ֆիզիկական ուժ Կենտրոնի աշխատողների և Ա. Մ.-ի նկատմամբ, վերջինիս քաշքշել են և հարկադրաբար, կամքին հակառակ տարել իրենց հետ:

Քննիչները դրսևորել են անգործություն և որևէ միջոց չեն ձեռնարկել: Նշվածի կապակցությամբ անմիջապես հաղորդում է ներկայացվել ոստիկանության տարածքային բաժին, որի կողմից Ա.Մ-ն հայտնաբերվել է և նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մարմնական վնասվածքներ պատճառված լինելը պարզելու համար:

Դեպքի առնչությամբ՝ առանց տիրապետելու գործի փաստերին, կեղծ տեղեկություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն՝ պաշտոնապես հայտարարելով, որ կինն ինքնակամ է նստել ամուսնու մեքենան և մեկնել, առևանգման, բռնության կամ կնոջ կամքին հակառակ որևէ գործողության մասին ահազանգ չի եղել:

Ստացվում է, որ իրավապահ համակարգը ներկայացնող պետական կառույցը՝ ՀՀ քննչական կոմիտեն, իր գործողություններով, այդ թվում՝ հրապարակային արտահայտած դիրքորոշմամբ ոչ միայն պարտակում է կատարված հանցավոր արարքը՝ խրախուսելով այն կատարած անձի անօրինական վարքագիծը և կեղծում է իրական փաստերը, այլև քննիչի դրսևորած ոչ պրոֆեսիոնալ վարքագծի և կողմնակալ մոտեցման արդյունքում կինը հերթական անգամ ենթարկվում է բռնության ընտանիքի անդամների կողմից: Նման պարագայում, ակնհայտ է, որ կատարված դեպքի մասով ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերով (օրինակ, ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարդուն առևանգելը) հետագայում քննիչը պատշաճ և օբյեկտիվ քննություն չի իրականացնի, քանի որ կաշկանդված կլինի քննչական կոմիտեի արտահայտած դիրքորոշմամբ:

Բացի այդ, նախաքննական մարմինը ճիշտ տեղեկություն չի տրամադրել Կենտրոնին կատարվելիք քննչական գործողության վերաբերյալ: Քննիչը ծանուցել է բռնության ենթարկված անձին հարցաքննելու մասին, մինչդեռ, իրականում, կատարել է առերես հարցաքննություն բռնություն գործադրած անձի հետ՝ անտեսելով կրկնակի զոհականացման արգելքի պահպանման, նոր բռնության կիրառման վտանգի կամ իրական սպառնալիքի բացառման պահանջները:

Վերոգրյալի համատեքստում՝ արձանագրում ենք, որ խնդրահարույց և խտրական է ոչ միայն ընտանիքում բռնության դեպքերով քրեական հետապնդման իրականացման և գործի քննության հատուկ ընթացակարգերի բացակայությունը (օրինակ, դատավարական գործողությունները քրեական հետապնդման մարմնի գտնվելու վայրում կատարելը, ընտանիքում բռնության ենթարկված անձին և բռնություն գործադրած անձին առերես հարցաքննելը և այլն), այլև ի դեմս պետական մարմնի կամ պաշտոնյաների՝ ընտանիքում բռնության դեպքերը հովանավորելու և կոծկելու քաղաքականություն վարելը:

Նշվածի հիման վրա՝ խնդրում ենք հանձնարարել ուսումնասիրել սույն գործի փաստերը, միջոցներ ձեռնարկել Կենտրոնի շահառու Ա.Մ-ի՝ օրենքով ամրագրված իրավունքների խախտումներն արձանագրելու համար և պատասխանատու անձանց նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ»,- ասսվում է նամակում։

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ «Կանանց աջակցման կենտրոն»-ի կողմից այսօր տարածված հաղորդագրության կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հայտարարության մեջ նշված հանգամանքները ստուգելու համար:

| | |
2826 | 0
Facebook
COMMENT.am