Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՅԴ ԳՄ-ից հրահանգել էին մասնակցել ԿԳՄՍ նախարարի դեմ ցույցերին». ՆԱՈւՄ-ի լուծարված վարչության նախագահ

16:30, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
«ՀՅԴ ԳՄ-ից հրահանգել էին մասնակցել ԿԳՄՍ նախարարի դեմ ցույցերին». ՆԱՈւՄ-ի լուծարված վարչության նախագահ

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության՝ ՆԱՈւՄ-ի՝ արդեն լուծարված վարչության նախագահ Ռուբեն Սողոյանը դեկտեմբերի 16-ին որոշակի մանրամասներ է հայտնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիաներին իրենց չմասնակցելու, դրան նախորդած և հաջորդած դեպքերի մասին:

Ըստ Ռ. Սողոյանի՝ մինչ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիաները, որոշվել էր, որ նոյեմբերի 6-ին պետք է տեղի ունենա ընկերային հավաք: Սակայն նոյեմբերի 4-ի երեկոյան իրենց փոխանցել են ՀՅԴ Գերագույն մարմնի հրահանգը, այն է՝ ոչ միայն պետք է մասնակցեն ակցիաներին, այլև լինեն առաջամարտիկը։

«Ուսանողական միության վարչության անդամները, նաև ուսանողական միության մեծամասնությունը դեմ արտահայտվեց ակցիաներին մասնակցելուն։ Մենք որոշեցինք, որ չենք կատարում ՀՅԴ Գերագույն մարմնի որոշումը։ Այդ մասին զեկուցեցինք Գերագույն մարմնին, որից երկու շաբաթ անց լուծարվեց իմ գլխավորած վարչությունը, մենք մեկուսացվեցինք՝ հնարավորություն չունենալով մասնակցել կուսակցական կյանքին։ Մեզանից բացի, նույն ժամանակահատվածում, անհասկանալի պատճառով մեկուսացվեց ևս 7 ընկեր և մեր հանդեպ սկսեց մի արշավ, որը բնորոշվում էր տարաբնույթ պիտակավորումներով, մեր մասին ապատեղեկատվության տարածումով»,- ասաց ՆԱՈւՄ-ի՝ արդեն լուծարված վարչության նախագահ Ռ. Սողոյանը:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Դաշնակցությունն իր շարքերից հեռացրել էր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 3 անդամների, որոնք դեմ էին արտահայտվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին՝ պնդելով, որ երկխոսության միջոցով հնարավոր է հասնել բարձրացված խնդիրների լուծմանը։

5939 | 1
Facebook