Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հասկանալի չէ, թե ավելի քան 1.5 տարվա հեղափոխական իշխանությունն ի՞նչ է մտածում այս ամենից հետո». Ատոմ Մարգարյան

14:45, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
«Հասկանալի չէ, թե ավելի քան 1.5 տարվա հեղափոխական իշխանությունն ի՞նչ է մտածում այս ամենից հետո». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն, որ գազալցակայանները, խաղալով «քաշ-ծավալ-գին» եռանկյունում, ուղղակի թալանում են մարդկանց ու շարունակում են ստվերում գերշահույթ կորզել՝ խաբելով նաև պետությանը, ինչպես ասում են՝ ոզնուն էլ է հասկանալի է; Երևի հանրապետությունում առկա մի քանի հարյուր լցակայաններից մատների վրա կարելի է հաշվել նրանց, որոնց տերերը բարեխիղճ են ու չեն խաբում: Միայն թե հասկանալի չէ, թե ավելի քան 1.5 տարվա հեղափոխական իշխանությունը ի՞նչ է մտածում այս ամենից հետո: Դատելով ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքներից, առայժմ նա ընդամենը... «մտահոգված է»: Ու պարզվում է, որ գազի որակի ուսումնասիրությունն էլ իրենց լիազորության տիրույթում չէ:
     Մինչդեռ անզեն աչքով էլ տեսանելի է, թե գազալցականները օր-օրի ինչպես են սնկի նման բազմանում: Հասկանալի է՝ գերշահութաբեր բիզնես է՝ այն էլ՝ հսկող-վերահսկող մարմինների քթի տակ:
     Այնինչ, ցանկության դեպքում խնդիրը կարելի է լուծել բառացիորեն 1-2 շաբաթվա ընթացքում՝ հսկիչ լաբորատոր սարքավորումներով կահավորված մեքենաներով շրջայցեր կատարելով գազալցակայաններով ու գազի հսկիչ գնումներ կատարելով՝ ստուգել վաճառվող վառելիքի համապատասխանությունը ստանդարտին, իսկ խախտումներ թույլ տվող տնտեսավարողներին պատժել, ընդհուպ՝ գործունեության լիցենզիայից զրկելը: Նույն խնդիրը առկա է նաև բենզալցակայաններում, որտեղ նույնպես անպատիժ խաբում են վառելիքի թե քանակի և թե որակի մեջ:
     Ի վերջո, ավտովառելիքի շուկայում տիրող բարձիթողի վիճակը ստույգ ցուցիչ է այն բանի, թե ինչ է փոխվել երկրում վերջին քաղաքական փոփոխություններից հետո, կամ՝ փոխվե՞լ է արդյոք որևէ բան: Համենայնդեպս, թավշյա իշխանությունը այս հարցում առայժմ մնացել է նույն տրամաբանության մեջ, ինչ նախորդները: Իսկ մարդիկ, իշխանության բնույթի ու որակի մասին դատում են ոչ
     թե աճերի ու գերաճերի վերաբերյալ վիճակագրական թվերով, այլ շատ ավելի կոնկրետ բաներով, օրինակ՝ ավտովառելիքի շուկայի իրողություններով»:

7092 | 0
Facebook