Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կրակի հաստատուն, համընդգրկուն դադարեցման մասին կհայտարարվի մինչև տարեվերջ». Ուկրաինայի ԱԳ նախարար

15:10, երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.
«Կրակի հաստատուն, համընդգրկուն դադարեցման մասին կհայտարարվի մինչև տարեվերջ». Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն հույս է հայտնել, որ երկրի արևելյան հատվածում վիճակի կարգավորման հարցով շփման խմբի կողմերը կրակի դադարեցման և գերիների փոխանակման հարցում մինչև տարեվերջ պայմանավորվածության կհասնեն, գրում է ТАСС-ը:

«Մենք պետք է անցնենք «բոլորը՝ բոլորի դիմաց» բանաձևի կիրառմանը: Կրակի հաստատուն, համընդգրկուն դադարեցման մասին կհայտարարվի դեկտեմբերի 20-ին կամ 21-ին: Բացի այդ, մեր խնդրանքով Կարմիր խաչն այս շաբաթ փորձ կանի անցնել շփման գիծ և այնտեղ հետաքննություն իրականացել՝ պարզելու, թե որտեղ են անհետ կորած հայտարարված 500 մարդիկ»,- ասել է նախարարը:

Ըստ նրա՝ պայմանավորվածություն է ձեռք բերվելու ուժերի բաժանման 4 հատվածների վերաբերյալ: Ուկրաինական կողմն ակնկալում է, որ դա տեղի կունենա առավելագույն արագ ժամկետում՝ արդեն դեկտեմբերի 18-ին: Ուկրաինայի համար ցանկալին այն հատվածների բաժանումն է, որոնք հնարավորություն կտան անցնել Դոնբասում շփման գիծը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի էր ունեցել «նորմանդյան ձևաչափով» Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումը: Դրա արդյունքում ընդունվեց հռչակագիր, ըստ որի՝ Մինսկի համաձայնագիրը մնում է նորմանդյան ձևաչափի հիմքը: Կողմերը պայմանավորվել էին 4 ամսից ևս մեկ հանդիպում կազմակերպել, իսկ այդ ընթացքում մի շարք քայլեր անել հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև մինչև տարեվերջ փոխանակել գերիներին, իսկ մինչև 2020թ. մարտի վերջ՝ ուժերի բաժանում կատարել:

5504 | 0
Facebook