Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացա, որ ընդամենը օրեր առաջ Ջերմուկից ոչ շատ հեռու, Արփայի կիրճում գտնվող տեղացիներիս կողմից Մամարզա կոչվող տարածք են այցելել մարդիկ և այնտեղ իրենց հանդիպած քաղաքացիներին ներկայացել որպես բնապահպանության աշխատակիցներ։
Բնակիչների հարցին, թե ինչն է նրանց այցի պատճառը, այդ մարդիկ պատասխանել են, որ եկել են Արփա գետում ջրազննում կատարելու և տեսնելու, թե որտեղից կարող են Ամուլսարում հանքարդյունաբերական նպատակով ջրհատկացում ապահովել։
Ովքեր չգիտեն, ասեմ, որ Մամարզա կոչվող տարածքը գտնվում է Կեչուտի ջրամբարից ներքև և այդ տարածքով հոսող Արփա գետից արդեն իսկ ջրառի և Սևանի համար ջուր վերցված է։ Կեչուտի ջրամբարից Սևան գնալուց բացի խողովակաշարով ջուր է վերցված նաև Արփայի կիրճում գտնվող շատ բնակավայրերում ոռոգման նպատակով տրամադրելու համար։
Իսկ մյուս մասը, որ հոսում է իր բնականոն հունով, ջրով ապահովում է մասնավորապես Վայք քաղաքը և մինչև Արենի ափամերձ հատվածում գտնվող բազմաթիվ այգիներ։
Իսկ մեզ հետ հանդիպման եկած պատգամավորները, երբ առաջարկում էին բացել Ամուլսարի մուտքերը և թույլ տալ, որպեսզի այնտեղ ձմեռացման աշխատանքներ իրականացվեն, նաև հավելում էին, որ անհանգստանալու ոչինչ չկա և Ամուլսարի տարածքում այլ աշխատանքներ լինել չեն կարող, քանի որ տվյալ կազմակերպությունը չունի երկու շատ կարևոր թույլտվություն և դրանցից մեկը հենց ջրօգտագործման թույլտվությունն է։
Բայց, արի ու տես, որ այժմ միջոցներ են ծախսվում, որպեսզի այդ խնդիրը կարգավորեն և այն էլ կաʹմ Սևան գնացող ջրի, կաʹմ էլ գյուղերի ոռոգման ջրի հաշվին։
Բայցևայնպես, անկախ ամեն ինչից, ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋ»։