Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ «չվախեցող» տեսակն է ավերել Հայաստանը». Նորայր Նորիկյան

20:40, շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ.
«Այդ «չվախեցող» տեսակն է ավերել Հայաստանը». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երիցս համոզվեցի, որ Հայաստանում օլիգարխներ չպետք է լինեն, իսկ քրեածին հակումներ ունեցող և հանցավոր արժեքներով ապրող օլիգարխները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ տարիներ շարունակ մարդկանց ապրանքի տեղ դնելու, նրանց արժանապատվությունը ստորացնելու, ծաղրելու, նվաստացնելու, բազմաթիվ հանցավոր սխեմաների մասնակցելու, ծանր հանցագործություններ պլանավորելու և իրականացնելու, դրանց անմիջական մասնակիցը լինելու համար՝ թեկուզ միայն այն բանի համար, որ մեր երկրում արմատախիլ արվի անպատժելիության մթնոլորտը, և յուրաքանչյուր ոք իր ականջին օղ անի, որ վաղ թե ուշ պատասխան է տալու իր արածի համար, ինչպես նաև նրա համար, որ ասյուհետ որևէ մեկի մտքով չանցնի ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես վարվել են նշված անձինք:
     Զարմանալի է, որ այս մարդիկ այժմ ընդամենը ցանկանում են խելոք ու սուսուփուս զբաղվել իրենց բիզնեսով՝ այլևս չխառնվելով քաղաքականությանը:
     Բայց կարևորը, որ ոչ միայն չեն վախենում, անվախ են և իրենց դեմ խաղ չկա, այլև իրենց տոնայնությամբ վախեցնում են, տպավորություն են թողնում, տեսակի հարց են քննարկում:

Այդ «Չվախեցող» տեսակն է ավերել Հայաստանը…

Երիցս համոզվեցի, որ քրեաօլիգարխիական համակարգը լրջագույն սպառնալիք է յուրաքանչյուր պետության նորմալ կենսագործունեության համար՝ վերացման տակ դնելով ազատ շուկայական հարաբերությունների ինստիտուտն ու իրավական պետության գաղափարն ամբողջությամբ։
     Հայաստանում ժամանակին գոյություն ունեցող համակարգի ինքնապահպանման ֆունկցիան «բարեխիղճ» կերպով իրենց վրա էին վերցրել օլիգարխները` սեփական կապիտալը նույնականացնելով պետական իշխանության հետ։
     Ստեղծվել էր այնպիսի համակարգ, որ օլիգարխիան դեմոկրատական ընտրությունների միջոցով իշխանափոխության ցանկացած քայլ դիտարկում էր որպես ոտնձգություն սեփական կապիտալի նկատմամբ։
     Եվ այն շահագրգռվածությունը, որ ցուցաբերվում էր օլիգարխիայի ներկայացուցիչների կողմից` վարչախմբին ծառայելու առումով, լավագույն հավաստումն էր այն համոզմանը, որ Հայաստանում` ի դեմս օլիգարխիայի, թևածում էր «Պետությունը ես եմ» հայտնի բանաձեւը։
     Այդ բանաձևը մեկնընդմիշտ ջնջել է պետք, քանի որ կառավարման նման վարքագիծն ու որակը կենսական առումով հակասում է հասարակության շահերին։

Գործող իշխանությունը պետք է շատ լավ գիտակցի, որ օլիգարխիան ոչ միայն սպառնալիք է սեփական իշխանությանը, այլև լրջագույն մարտահրավեր է Հայաստանի ապագայի համար:
     Ուստի պարտավոր է օգտագործել իր լեգետիմ մանդատը՝ քրեաօլիգարխիկ այդ համակարգը վերջնականապես ջարդելու համար:
     Ընդորում, հարկ է արձանագրել, որ հասարակությունը պատրաստ ամբողջությամբ աջակցել այդ համակարգը ջարդելու գործընթացին՝ այդ հարցում դառնալով իշխանության բնական դաշնակիցը:
     Սա շատ կարևոր հարց է ոչ միայն զուտ այս կամ այն օլիգարխի խնդիրը օրինական ճանապարհով լուծելու տեսանկյունից, այլև նշված խնդրի լուծմամբ հիմնովին փոփոխության կենթարկվի պետության կառավարման վերաբերյալ գոյություն ունեցող փիլիսոփայությունը և հասարակական հարաբերությունների զարգացման այսօրվա ընկալումը:
     Գոնե իմ ընկալմամբ, համաժողովրդական այդ մեծ ընդվզումն ու հաջողության պայքարը, մեծ հաշվով, պետության որակի փոփոխության պայքար էր, որ այսուհետ թաղային խուժանը չդառնա թաղապետ, որ խաղամոլը չդառնա պատգամավոր, որ թմրամոլը չդառնա նախարար, որ ոստիկանը չդառնա մարդասպան, որ դատավորը, դատախազը չդառնան գավառական չարչիներ, վերջապես, որ երկիրը ղեկավարող քաղաքական ուժը հասարակության կողմից ոչ թե ընկալվի որպես քրեաօլիգարխիկ համակարգի երաշխավոր ու անբաժանելի մաս, այլ իրապես հանդիսանա Հանրապետության լեգետիմ իշխանություն ու արդարության ու արժանապատվության խորհրդանիշ…
     Հիշե՛ք, եթե Դուք այսօր հանդուրժեցիք այդ համակարգի գոյությունը՝ թեկու՛զ ջլատված, թեկու՛զ մասնատված, թեկու՛զ առևերևույթ առանձնացված, մի փոքր շանսի դեպքում իրենք ոչ միայն չեն հանդուրժի, այլև կխժռեն ոչ միայն Ձեզ, այլև վերջնականապես կապականեն Հայաստանի այսօրն ու վաղը…»:

10813 | 0
Facebook