Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երբ մեր որոշ հայտարարություններ մեկնաբանվում են ճնշում դատական համակարգի վրա, զավեշտից բացի, այլ տպավորություն չի թողնում». Ռ. Բադասյան

12:15, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.
«Երբ մեր որոշ հայտարարություններ մեկնաբանվում են ճնշում դատական համակարգի վրա, զավեշտից բացի, այլ տպավորություն չի թողնում». Ռ. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում պատասխանեց իշխանության հասցեին հնչած այն մեղադրանքներին, թե դատական իշխանության վրա ճնշումներ կան: Հիշեցնենք, որ նման պնդում էր արել դատավոր Վազգեն Ռշտունին:

«Իշխանափոխությունից հետո իրականացնում ենք դատաիրավական բարեփոխումներ: Երբ մենք ասում ենք՝ եկեք դատավորների անկախությունն ապահովենք, քաղհասարկությանն ասում ենք՝ եկեք մեզ հետ մասնակցեք, և այդ պայմաններում որոշ հայտարարություններ մեկնաբանվում են ճնշում, որը, զավեշտից բացի, որևէ այլ տպավորություն ինձ վրա չի թողնում»,- նշեց նախարարը:

Ըստ նրա՝ մինչ 2018 թվականի մայիս-հունիսը դատական համակարգը կախված էր գործադիրից, վերից վար կոռումպացված էր, հաստատված դրույքաչափերով կաշառքներ են փոխանցվել:

Հարցին, թե հիմա կոռուպցիա չկա՞, նախարարը պատասխանեց՝ համակագային կոռուպցիա չկա:

Հերթական հարցին, թե հիմա քրեական հեղինակությունների հետ շփվող դատավորներ չկա՞ն, Ռ. Բադասյանը նկատեց, թե դա մի տեղեկատվություն է, որը պետք է իրավապահ մարմիններն ունենան:

«Ես ասել եմ, որ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե ովքեր են արդարադատություն իրականացնող մարդիկ, դրա համար մենք դատավարության օրենսգրքում ներառել ենք դատավորների ստուգման մեխանիզմներ և շարունակելու ենք նման մեխանիզմների ներդնումը, ինչպես նաև կարգապահական կատարելագործման ինստիտուտներն ենք կատարելագործում»,- ասաց նախարարը՝ ընգծելով, որ իր ասածը նախկին իշխանությանն էր վերաբերում:

Հիշեցնենք, որ Ռ. Բադասյանն ասել էր, թե կան դատավորներ, ովքեր շփվում են քրեական հեղինակությունների հետ, հետո այդ քրեական հեղինակություններին առնչվող որոշումներ են կայացնում:

Դատական համակարգի մասին խոսելու առիթը ՀՀ Քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումն էր: Քննարկմանը մասնակցում են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան:

Ըստ Ռ. Բադասյանի՝ քննարկվող նախագիծն, ըստ էության, նոր օրենսգիրք է: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքում, այժմ առաջարկվող փոփոխություններում, առկա քրեական ենթամշակույթին վերաբերող դրույթները հետագայում կներառվեն նոր օրենսգրքում:

4531 | 0
Facebook