Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում

19:40, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.
«Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Դեկտեմբերի 11-ին Կոլումբիայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանին միաձայն որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Մինչ այդ, հայտը փորձագիտական քննություն էր անցել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կողմից դրական գնահատականի արժանացել։

Բարձր գնահատելով «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդունումը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ազգային արժեքների հանրահռչակումը մեր առաջնահերթություններից է:

Նստաշրջանին մասնակցել են աշխարհի 138 երկրի 1411 ներկայացուցիչ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Կոլումբիա էր մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ք. Տեր-Ստեփանյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։

Նստաշրջանի օրակարգի կարևորագույն հարցերից էին տարբեր երկրների կողմից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 54 հայտ, որից 6-ը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 42-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 3-ը՝ պաշտպանության լավագույն փորձի գրանցամատյանի առաջարկներ և 3 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու նպատակով:

Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր մարմիններից է: Այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, կազմված է 24 անդամ պետություններից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը: Հայաստանը Կոմիտեի անդամ է ընտրվել 2016-2020 թթ. ժամանակահատվածի համար:

Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) և «Քոչարի. ավանդական խմբապար» (2017 թ.) տարրերը:

ՀՀ ԿԳՄՍՆ-«Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
ՀՀ ԿԳՄՍՆ-«Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
3499 | 0
Facebook