Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Դատարանի անկախությունից ով խոսի-չխոսի, Քոչարյանը թող գնա ուրիշ բանից խոսի». Արմեն Խաչատրյան

23:20, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Դատարանի անկախությունից ով խոսի-չխոսի, Քոչարյանը թող գնա ուրիշ բանից խոսի». Արմեն Խաչատրյան

Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակավորելու մասին նախագիծը։ Անդրադառնալով այս թեմային՝ այսօր Factor TV-ի եթերում ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասել է. «Եթե, ըստ էության, նայենք՝ ինչի՞ համար էր օրենքի այդ նախագիծը՝ որպեսզի այս ճանապարհով լուծվի ՍԴ-ում առկա ճգնաժամը։ Ես այստեղ մի անգամ այս օրենքի անունը դրել եմ թավշյա առաջարկ ՍԴ այն անդամներին, որոնք ոչ լեգալ և ոչ լեգիտիմ կարգավիճակ ունեն այդ շենքում և սահմանադրական արդարադատություն իրականացնելու որևէ իրավասություն չունեն։ Այնուամենայնիվ, իշխանությունները «մարդասիրական միջանցք» են բացել, որպեսզի այդ անդամները խաղաղ, դրսևորելով ողջախոհություն՝ հեռանան ՍԴ-ից և հնարավորություն ընձեռեն գործող Սահմանադրության համաձայն լեգիտիմ դատարան կազմավորվի։ Ես չգիտեմ, թե այս օրենքն ինչքանով նպատակին կհասնի»

Նրա խոսքով՝ այս հարցում ամենագլխավորը կամավորության սկզբունքն է. «Այն անդամները, որոնք սահմանված ժամկետում կհրաժարվեն իրենց պաշտոնից, նրանք կօգտվեն ՍԴ դատավորի համար սահմանված սոցիալական երաշխիքներից՝ կպահպանվի նրանց աշխատավարձի չափով թոշակ մինչև նրանց պաշտոնավարման ավարտի համար սահմանված ժամկետը»,- ասել է նա:

Եթերի ընթացքում նա նշել է, որ ՍԴ-ում փոփոխություններ կատարելու կամ առկա ճգնաժամը հաղթահարելու պահանջը հասարակության թիվ մեկ պահանջներից մեկն է։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ «Հապարակ» օրաթերթին տված հարցազրույցին՝ Խաչատրյանն ասել է. «Դատական իշխանության անկախությունից ով խոսի-չխոսի, Ռոբերտ Քոչարյանը թող գնա ուրիշ բանից խոսի։ Եթե դատական իշխանությունը գործադիր իշխանության ձեռքին բիրտ գործիք լիներ, մենք էսօր կունենայինք դատապարտյալ Ռոբերտ Քոչարյան։ Միանշանակ։ Որովհետև նույն Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, երբ մարտի 1-ի քրեական գործ հարուցվեց ուղիղ մեկուկես տարվա մեջ 115 անձի վերաբերյալ արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր կային։ Եվ որևէ կերպ հնարավոր չէր այն ժամանակ պատկերացնել այնպիսի դատավարություն, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է։ Դատավորը համբերատար միջնորդությունները լսում է, հիմնավոր որոշումներ կայացնում միջնորդությունների վերաբերյալ, բոլոր դատական ատյաններում նրանք իրավունք ունեն բողոքարկելու դատարանների որոշումները։ Մեր առաջին քաղբանտարկյալների Սափեյանների նկատմամբ 2008-ի հունվարին քրեական գործը հարուցեցին, դեռ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը նրանք դատապարտվեցին։ Ուզում եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը թող հիշի իր ժամանակվա դատական համակարգը և կտեսնի էական տարբերություններ։ Ես չեմ ասում, որ հիմա փայլուն դատական համակարգ է, պնդում եմ, որ իշխանությունները հապաղում են դատաիրավական համակարգում բարեփոխումներ անցկացնել, պնդում եմ, որ ավելի կտրուկ պետք էր գնալ բարեփոխումների։ 115 դատապարտյալների գործով դատավորի և դատախազի որևէ ինքնաբացարկի դիմում չի բավարարվել։ Քոչարյանի գործով ավելի շատ դատավորներ են ինքնաբացարկի միջնորդություն բավարարել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արմեն Խաչատրյանը՝ Ռոբերտ քոչարյանի հարցազրույցի և ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակավորելու նախագծի ընդունման մասին
| | |
3680 | 0
Facebook