Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջարկվում է վերականգնել Հանրային հեռուստաընկերության՝ գովազդ հեռարձակելու հնարավորությունը

22:15, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
Առաջարկվում է վերականգնել Հանրային հեռուստաընկերության՝ գովազդ հեռարձակելու հնարավորությունը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Արդարադատության նախարարությունը ներկայացրել է օրենքի նոր նախագծիվ, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը թույլ տալ մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակել։

Նշվում է, որ հեռուստաընկերությունը պահպանելու է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ մինչև մեկ րոպե տևողությամբ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը:

Նախագծով նախատեսվում է կարգավորվել նաև սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը իրավունք կունենա մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրելու մինչև մեկ րոպե տևողությամբ սոցիալական գովազդ: Կախված եթերաժամից՝ այն կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով:

«Առաջարկվող փոփոխություններով Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը՝ դրանով ապահովելով իր սահմանադրական գործառույթի պատշաճ իրականացումը»,- ասված է նախարարության ներկայացրած նախագծում։

Նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

4162 | 0
Facebook