Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր քաղաքական իշխանությունը կարճ մտածելակերպն է որդեգրել՝ ամեն գնով իր վերահսկողության տակ պահել բոլոր իշխանությունները». ԼՀԿ

15:20, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
«Մեր քաղաքական իշխանությունը կարճ մտածելակերպն է որդեգրել՝ ամեն գնով իր վերահսկողության տակ պահել բոլոր իշխանությունները». ԼՀԿ

«Մենք անհարկի չափազանցրել ենք ՍԴ նախագահի դերը, և այս նախագիծը, որը բերվում էր միայն դատարանի նախագահի հետ կապված հարցը լուծելու համար, որևէ տրամաբանական կապ չունի այն նպատակների հետ, որոնք իր առջև դրել է քաղաքական իշխանությունը: Ավելին՝ քաղաքական իշխանությունը բազմիցս նշել է, որ դատական համակարգի բարեփոխումներով են զբաղվում». դեկտեմբերի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ գնահատելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացում կատարելու և կից նախագծերի փաթեթն ու դրա համատեքստում դատաիրավական ոլորտի բարեփոխումը:

Ըստ նրա՝ տնտեսական զարգացման գործում խոչընդոտներից մեկը վեճերը լուծող մարմնի՝ դատարանների աշխատանքն է: Սակայն դատական համակարգը նեղացնելը և այն ՍԴ մեկ դատավորով պայմանավորելը, քաղաքական մանիպուլյացիա է և, դատաիրավական բարեփոխումների համար գումար ունենալիս պետք է այն տրամադրել դատավորների քանակն ավելացնելուն և ոչ թե այն բաժանել դատավորի թոշակի գնալուն:

Հարցին, թե իշխանության այս քայլը «ձեռք մեկնում» համարո՞ւմ են, ինչպես «Իմ քայլն» է հայտարարել, Տ. Սիմոնյանն ասաց. «Ձեռք մեկնում են, թող մեկնեն իրենց հաշվին և ոչ թե հարկատուի: Հասկանում ենք, որ քաղաքացիներն ընտրել են այս կառավարությանը, բայց նրա առջև դրել են խնդիր՝ ոչ թե իր գրպանի հաշվին թոշակի ուղարկեն նախկին ռեժիմից դատական համակարգում մնացած անձանց, այլ նրա համար, որ հեղափոխության արժեհամակարգերն իջեցնեն մինչև այդ նույն քաղաքացիները: Սա որևէ կերպ մեկնված ձեռք չեմ կարող դիտարկել»,- նշել է ԼՀԿ-ական պատգամավորը: Նրա գնահատմամբ՝ մասնագիտական փորձ ունեցող դատավորին գումար առաջարկելը նշանակում է մասնագիտության վաճառք: «Ես հույս ունեմ, որ ոչ մի դատավոր այդ մեկնված ձեռքը չի ընդունի»,- ասաց պատգամավորը:

Այն հարց-դիտարկմանը, թե համամի՞տ է այն կարծիքին, որ իշխանությունը փորձում է ՍԴ-ի կազմի փոփոխություններով ստանալ իրեն հաճո որոշումներ, Տ. Սիմոնյանն ասաց. «Կարճ մտածող իշխանությունը ձգտում է վերահսկողության տակ պահել բոլոր իշխանությունները, այդ թվում նաև՝ չորրորդը, իսկ երկար մտածող իշխանությունը երբեք չպետք է ձգտի իր վերահսկողության տակ պահել մնացած իշխանությունները: Ես կարծում եմ՝ մեր քաղաքական իշխանությունը հենց այդ կարճ մտածելակերպն է որդեգրել. ամեն գնով ուզում է իր վերահսկողության տակ պահել բոլոր իշխանությունները»,- ամփոփեց բանախոսը:

3532 | 0
Facebook