Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր

14:45, շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.
Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր

«Էկոլուր»-ի հաղորդմամբ՝ Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքների տարածքներում չեխական «Արնիկա» կազմակերպության իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ մարդու առողջության համար ամենամեծ ռիսկը ներկայացնում են մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը:
     Հետազոտվել են հողի, սննդի և մարդու մազերի նմուշները: Նմուշների անալիզները կատարվել են Պրահայի Քիմիա-տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիաներում և Ազգային առողջապահության ազգային ինստիտուտում: Նոր հետազոտություններով վերահաստատվել է ազատ տեղաշարժվող հավերի ձվերում դիօքսինների բարձր քանակությունների փաստը: Հետազոտության արդյունքները վկայում են, որ գյուղատնտեսական տարածքներն աղտոտված են ծանր մետաղներով: Պարզվել է, որ Ալավերդու պղնձաձուլարանը, ինչպես նաև «Ախթալա ԼՀԿ»-ի կողմից շահագործվող Շամլուղի պղնձի հանքավայրը և պոչամբարները, որոնք տեղակայված են անմիջապես Դեբեդ գետի հարևանությամբ, հարակից և ավելի հեռավոր տարածքների համար ծանր մետաղների աղտոտման աղբյուր են:
     Հողի որոշ փորձանմուշներում մկնդեղի կոնցենտարացիան 21 անգամ գերազանցել է նորմը: Ազատ տեղաշարժվող հավերի ձվերում դիօքսինի կոնցենտրացիան գերազանցել է նորմը 150-318 անգամ: Փորձագետները նման գերազանցումը գնահատում են որպես կրիտիկական էֆֆեկտ՝ հաշվի առնելով, որ ձուն օգտագործում են երեխաները, որոնք շատ ավելի զգայուն են թունավոր նյութերի նկատմամբ: Այս տվյալները ներկայացվեցին դեկտեմբերի 6-ին Երևանում կայացած «Աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությունը Լոռու մարզի բնակիչների առողջության վրա» խորագրով համաժողովի ժամանակ:
     Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Յան Պլեշինգերը: Համաժողովին մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ալավերդի և Ախթալա համայնքների բնակիչներ:
     «Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ` մարդու օրգանիզմում կադմիումի և մկնդեղի հնարավոր կուտակումը որոշելու համար: Ծանր մետաղները հանդիսանում են տեղական արդյունաբերության կողմից արտադրվող վտանգավոր քիմիական նյութերի մի խումբ: Մենք նախատեսում ենք լրացուցիչ աշխատանքներ կատարել այս ոլորտում: Բացի այդ, կառավարությունը պետք է անցկացնի աղտոտման և առողջության որոշակի մոնիտորինգ: Մենք վերլուծեցինք Ալավերդու ազատ տեղաշարժվող հավերի ձվերի մեկ այլ համակցված նմուշ` դիօքսինների համար, և արդյունքը հաստատեց նախորդ տարվա տեղական ձվերում հայտնաբերված այս քիմիական նյութերի տագնապալի քանակները: Դիօքսինները վտանգավոր են շատ փոքր կոնցենտրացիաներում, և Ալավերդին, հավանաբար, լրջորեն աղտոտված է այդ քիմիական նյութերով»,- ասաց «Արնիկա» կազմակերպության տնօրեն Յինդրիխ Պետրլիկը։
     «Հետազոտության արդյունքները ցույց են տվել առողջության համար կանցերոգեն և ոչ կանցերոգեն ռիսկերի բարձր մակարդակ այն տարածքներում, որտեղ հայտնաբերվել են կադմիումի, մկնդեղի և նիկելի բարձր կոնցենտրացիաներ»,- ասաց շրջակա միջավայրի և առողջության ռիսկերի գնահատման փորձագետ, դոկտոր Միրոսլավ Շուտան:
     «Նմուշառված տարածքների մեծ մասը կարելի է համարել աղտոտված: Քիմիական նյութերի պարունակությունը որոշ դեպքերում վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի և մարդու առողջության համար: Հողի բազմաթիվ նմուշներում ծանր մետաղների կոնցենտրացիաները գերազանցում են տարբեր տեղական և միջազգային չափորոշիչներին», - նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
     Մեծ Այրում գյուղի բնակիչն ասաց, որ ապրում է Նահատակի պոչամբարից 50 մետր հեռավորության վրա: Նա ունի երեք երեխա, ովքեր մշտապես հիվանդ են: «Իմ երեխան տարի ու կես հիվանդանոցում է եղել, մյուս երեխան անընդհատ գլխացավ ունի, հետ է տալիս: Իմ եղբոր՝ 20 օրական երեխայի մոտ ուռուցք են հայտնաբերել: Մենք չգիտենք՝ ուր գնանք, փախնենք այդ պոչամբարից: Մեր տները ոչ ոք չի գնում, իսկ որ դիմում ենք Ախթալայի ԼՀԿ-ին, մեզ անվտանգությունը ներս չի էլ թողնում»,- ասաց նա:
     ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ դիմել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեթոդաբանական աջակցություն ստանալու համար, որի օգնությամբ հնարավոր կլինի գնահատել շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը մարդու առողջության վրա:

5486 | 0
Facebook