ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում իմ ու վարչապետի քննարկումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինչ-որ մարդիկ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու նպատակով զուր էին քծնում իշխանությանը և անհարկի լուտանքներ թափում «Լուսավոր Հայաստանի» վրա։
Վարչապետն ինքը հաստատեց, որ կոռուպցիայի դեմ պայքարն ավելի բարձր ու զգայուն մակարդակում է, և մեր նախաձեռնած գործընթացն ամբողջությամբ համապատասխանում է հեղափոխական արժեհամակարգին։ Խորհուրդս բոլոր քծնողներին այն է, որ մինչև ձեր հարձակումը կազմակերպելը, գոնե առնվազն փորձեք հասկանալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ինչ բարձր չափանիշներից ենք խոսում, ինչի մասին է խոսքն ընդհանրապես, և դուք ինչ եք պաշտպանում։
Պայքարի այս բարձր նիշը, այսուհետ, փաստ է, և թող ոչ ոք չփորձի այն իջեցնել»։