Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի կիրառման դեպքերն առանձին քննության հարց են». Դանիել Իոաննիսյան

10:25, չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ.
«Ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի կիրառման դեպքերն առանձին քննության հարց են». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կապված խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման և խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու այսօրվա դեպքի հետ. նախ, խոսեցի ակցիայի կազմակերպիչներից ՀՅԴ-ական Գոռ Սարգսյանի հետ: Համոզվեցի, որ ցուցարարներից որևէ մեկը բուժօգնության կարիք չի ունեցել, ոստիկանական մեքենաներում ու բաժիններում բռնության չի ենթարկվել, բոլորը 3 ժամից ազատ են արձակվել:

Խնդրեցի հետագայում մեզ նախապես տեղյակ պահել ակցիաների մասին, որպեսզի կարողանանք ներկայություն ապահովել:

Այս պահի դրությամբ կարելի է արձանագրել, որ ոստիկանության՝ խաղաղ ցույցերի հետ աշխատելու կարողությունները զարգացման կարիք ունեն:

Ես դա բազմիցս ասել եմ միջազգային ատյաններում և ես դա կրկնում եմ այժմ. խաղաղ ցուցարարի նկատմամբ չի կարող ֆիզիկական ուժ կիրառվել, եթե ինքն անհամաչափ կերպով չի սահմանափակում այլոց իրավունքները:

Բերման ենթարկված 24 ցուցարարների՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մասով ևս խնդիր կա: Նախ միարժեք չի, որ այդ բոլոր քաղաքացիներին հստակ ներկայացվել է պահանջ: Երկրորդ՝ միարժեք չի այդ հնարավոր պահանջի օրինականությունը՝ հաշվի առնելով ցուցարարների կողմից փողոցներ փակելու մասով ՄԻԵԴ վճիռները: Եվ երրորդ՝ միարժեք չի, որ վարչական իրավախախտման արձանագրությունը հնարավոր չի եղել կազմել տեղում (բերման կարելի է ենթարկել, միմիայն եթե տեղում հնարավոր չի):

Ամեն դեպքում, ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի կիրառման և բերման ենթարկելու բոլոր դեպքերի իրավաչափությունն ու համաչափությունն առանձին քննարկման (միգուցե՝ քննության) հարց են»:

| | |
1308 | 0
Facebook