Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պարոʹն Ծառուկյան, Դուք չեք տիրապետում ինֆորմացիային». Հայկ Մարության

22:55, երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2019 թ.
«Պարոʹն Ծառուկյան, Դուք չեք տիրապետում ինֆորմացիային». Հայկ Մարության

Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է: Այս առնչությամբ այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Հայկ Մարությանն ասել է. «Այո, հանդիպումը եղել է: Ուզում եմ ասել, որ պարոն Ծառուկյանն առաջին անգամը չէ, որ այդպիսի հայտարարություններ է անում և դրանց հետևը փաստեր չկան: Ինձ զանգեցին, ասացին, որ հանդիպենք, մենք համաձայնեցինք: Քննարկումը եղավ շատ պրոդուկտիվ, իրենք առաջարկում էին կառուցել հիվանդանոց և հյուրանոց: Հիվանդանոցը, որ պետք է իբր բարեգործական լինի, բացարձակ այդպիսի խոսակցություն չի եղել՝ զուտ բիզնես: Նրանք շեշտը դնում էին կենտրոնի վրա: Մենք իրենց բացատրեցինք, որ մեր կենտրոնը գերհագեցած է և գրեթե տեղ էլ չկա»,- ասել է Մարությանը:

Նրա խոսքով՝ թագաժառանգին առաջարկվել է կենտրոնից դուրս տարածք, առաջարկվել են նաև հավելյալ այլ ծրագրեր:

«Իրենք էլ համաձայնում են և հետաքրքիրն այն է, որ հանդիպման այդ հատվածում իրենց հեռախոսներին սկսեց զանգեր գալ, վերցնում անկաշկանդ խոսում ու դնում էին: Այդպես երեք զանգ. ես և պարոն Մեսչյանը համբերատար սպասում էինք, մինչև իրենք խոսում վերջացնում էին, հետո շարունակում էինք: Ես մի պահի հասկացա, որ գուցե նրանց էլ հետաքրքիր չէ, և գուցե մարդիկ տեղ են շտապում, ասացի որ հանդիպումը կարող ենք ավարտել, գուցե իրենք էլ ինչ-որ տեղ են շտապում՝ նշելով, որ կսպասենք իրենց արձագանքներին և կպատասխանենք իրենց բոլոր հարցերին: Մինչ օրս ոչ մի գրավոր, բանավոր դիմում, ոչ մի բան չի եղել: Մինչ օրս սպասում ենք և պատրաստակամ ենք անելու ամեն ինչ»,- ընդգծել է նա:

Անդրադառանալով պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մեկ այլ հայտարարության, թե քաղաքապետարանն ամեն կերպ խոչընդոտում է իր նոր հյուրանոցի կառուցմանը՝ Երևանի քաղաքապետն ասել է. «Պարո՛ն Ծառուկյան, ամենայն հարգանքով, բայց կներեք, Դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև Ձեր հյուրանոցը կասեցված է Ձեր հարևանի օգնությամբ, որը դիմել էր դատարան, և դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել էր այդ շինարարությունը: Այսինքն` այստեղ քաղաքապետարանը բացարձակ ոչ մի կապ չունի»:

Մանրամասները` տեսանյութում:

51721 | 2
Facebook