«Ես քննության չեմ, Դուք էլ իմ դասախոսը չեք, որ ասեք՝ հարցին ինչպես պատասխանեմ». բանավեճ ԱԺ հանձնաժողովում
![]() ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բանավիճեցին ԲՀԿ-ական ու Իմքայլական պատգամավորներ Գևորգ Պետրոսյանն ու Սուրեն Գրիգորյանը: ՍԴ դատավորներին «ժամանակից շուտ թոշակի ուղարկելու» նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլից» Ս.Գրիգորյանը նկատեց, թե այդ նախագիծը ևս մեկ հնարավորություն է ՍԴ-ում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Գ.Պետրոսյանը հարցրեց. «2018թ. փետրվարի 9-ից՝ Սահմանադրական փոփոխությունների 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելուց հետո, ՍԴ-ն ի՞նչ որոշում է կայացրել, որը չի վայելում հանրության վստահությունը, որ ուզում եք ազատվել այդ որոշումը կայացրած դատավորից»: Ս.Գրիգորյանը նկատեց, թե խոսքը ոչ թե կոնկրետ որոշման, այլ ընդհանրապես տվյալ մարմնի հանդեպ վստահության մասին է: «Երբ ֆունդամենտալ անվստահություն կա որևէ մարմնի նկատմամբ, խնդիրը հենց այնտեղ է, որ անգամ ամենագրագետ որոշումների, հիմնավորումների պարագայում դրանք ընդունել որպես ուղենիշ, ակնկալել չի կարելի: Աղբյուրն ի սկզբանե անվստահելի է»: Ս.Գրիգորյանը հարցադրեց, թե նորմա՞լ է, որ ՍԴ ղեկավարը քաղաքական հայտարարություններ է կատարում, բոլոր դատավորները լռելյայն համաձայնում են, և կարգապահական ոչ մի վարույթ չի հարուցվում: Գ.Պետրոսյանն էլ հակադարձեց, թե քաղաքական հայտարարություն հենց իշխանական ՍԴ անդամ Վահե Գրգորյանն է արել՝ ասելով, թե ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական ընտրություն է: «Հիշողություն չունե՞նք, թե՞ հավի հիշողություն ունենք: Այդ դուք էիք ամբիոնից ասում՝ սա քաղաքական ընտրություն է, առանձին փոխվարչապետի մակարդակով է ասվել, որ ՍԴ խնդիրը քաղաքական իմաստ ունի: Եթե այդքան հարգում եք դատավորներին, ինչո՞ւ չդատապարտեցիք դատավորներին «վնգստացող» ասող հայտարարությունը»: Գ.Պետրոսյանը շարունակեց պնդել, որ Ս.Գրիգորյանը կոնկրետ որոշում մատնանշի, ինչին ի պատասխան «Իմ քայլի» պատգամավորը նկատեց. «Ես քննության չեմ, Դուք էլ իմ դասախոսը չեք, որ ասեք՝ հարցին ինչպես պատասխանեմ»: Սա էլ անպատասխան չթողեց Գ.Պետրոսյանը՝ նետելով՝ «Եթե իմ ուսանողը լինեիք, այստեղ չէիք լինի»: Նիստը վարող Վլադիմիր Վարդանյանն այդ արտահայտությունն անձնական վիրավորանք համարեց՝ խորհուրդ տալով միմյանց անձնական վիրավորանքներ չհասցնել: |