Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Եթե այս վարկածը ճշմարիտ է, աղմուկը շուտով կլսենք հաշվեհարդարի ինչ-ինչ ձևերով». Լևոն Բարսեղյան

00:15, երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2019 թ.
«Եթե այս վարկածը ճշմարիտ է, աղմուկը շուտով կլսենք հաշվեհարդարի ինչ-ինչ ձևերով». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի նկատառում Երևանի աղբատար մեքենաների պատմության շուրջ (երկար տեքստ է, ռեպլիկի սիրահարների համար չէ). ես ուսումնասիրեցի բոլոր հասանելի աղբյուրները Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված աղբատար ավտոմեքենաների մասին, «Հետքի» հրապարակումը, ուսումնասիրեցի այս մասին Երևանի ավագանու անդամների հարցազրույցները և հայտարարությունները, Հայկ Մարությանի բացատրությունները, իմ գործընկերներ Արթուր Սաքունցի և Սոնա Այվազյանի հարցազրույցները և էլի մի քանի կարծիք: Լինելով Գյումրու ավագանու անդամ՝ խնդիրը լավ հասկանալու համար փորձեցի իրավիճակն արտածել կամ պատճենել նաև մեր քաղաքի վրա և դատողությունների հանգեցի, որ ստորև ներկայացնում եմ հանրությանը: Կարիք չկա երևի, բայց ասեմ, որ ոչնչով կաշկանդված կամ պարտադրված չեմ այս կարծիքը հայտնելու և կարծիքի բովանդակության մասով, չունեմ շահեր ու շահերի բախումներ:

1. Չգտա, կամ չնկատեցի ապացույցներ, թե աղբատարների նվիրաբերումը կամ որպես նվեր ստացումը կոռուպցիոն գործարք է եղել, որ որևէ մեկը դրանից արտաօրինական շահ է հետապնդել և ստացել է այդ շահը, կամ դեռ չի ստացել, բայց ստանալու ճանապարհին է: Մասնավորաբար, համարում եմ, որ հիշատակված շինթույլտվությունները չեն կարող լինել ապօրինի, այսինքն՝ տրված լինել այդ աղբատարների նվիրաբերման դիմաց, և օրենքով չէին կարող տրված լինել, մանավանդ, կառուցապատումներից մեկի մասով դեռ հանրային լսումներ են լինելու, այսինքն՝ հանրությունն իրավունք ունի և կարող է գնալ քննարկման ու խափանել այդ շինարարական ծրագիրը, եթե կհամարի անպիտան կամ վնասակար, չնայած այն հանգամանքին, որ քաղաքապետը թույլտվություն է տվել: Չեմ կարծում, թե թափանցիկության այս մեխանիզմների ժամանակներում Հայկ Մարությանը կամ նրա տեղակալները կամ խորհրդատուները կհամարձակվեին օրինականության շրջանցմամբ կառուցապատողներին շինարարական թույլտվություն տալ, այն հույսով, թե դրա նորմատիվային խախտումները չեն բացահայտվելու և իրենք գոնե քաղաքական պատասխանատվության առաջ չէին հայտնվի, մանավանդ, կլիներ նաև իրավական պատասխանատվություն:

2. Եթե նույնիսկ (անհասկանալի կերպով) այդ շինթույլտվությունները տրվել են օրինական գործարքի դիմաց, այսինքն՝ դրանք կամավոր նվիրատվութուններ չեն, դրանք պիտի, որ արված լինեն նաև այլ շինթույլտվությունների դեպքում, այսինքն՝ նման բաներ արած կլինեն նաև այլ կառուցապատողների հետ, որոնք, ինչպես ասվեց, հարյուրավոր են: Հակառակ դեպքում, կստացվի, որ քաղաքապետարանը խտրական է վարվել տարբեր կառուցապատողների հետ, այսինքն՝ քաղաքապետը ոմանց շինթույլտվություն է տվել «նվերի» դիմաց, իսկ այլոց՝ հենց այնպես: Սա, հրապարակումներից հետո, «նվիրատուներին» բերելու է քաղաքապետարանի դուռը՝ Հայկ Մարությանին ուղղված հետևյալ հարցով՝ «ինչո՞ւ եք մեզ կլպել, իսկ ուրիշներին՝ ոչ»: Եթե այս վարկածը ճշմարիտ է, աղմուկը շուտով կլսենք՝ բանավոր կամ գործնական ու նույնիսկ հաշվեհարդարի ինչ-ինչ ձևերով: Կամ էլ բոլորին են կլպել: Այս դեպքում նույնպես կիմանանք՝ ում, ինչով, ինչքան: Բավական է, որ Երևանի ավագանու անդամները, կամ ցանկացած քաղաքացի տեղեկության հարցում հղի քաղաքապետին, կամենա իմանալ, թե (1) վերջին մեկ տարում քաղաքապետարանն ումից ինչ նվերներ է ընդունել, նվիրատուն, նվերը, նվերի տեխնիկական բնութագրերը, ապա (2.1) վերջին մեկ տարում քանի շինթույլտվություն է տվել քաղաքապետարանը, ում, ինչ է կառուցվելու, ինչպես նաև՝ (2.2) ովքեր են քաղաքապետարանի կապալառուները, ինչ գումարի կապալ են ունեցել, ինչ են մատակարարել և այլն: Ահա այս տեղեկությունների ամբողջական վերլուծությունը թույլ կտա հասկանալ՝ քաղաքապետարանը որպես «փափուկ ռեկետ» է նստել ներդրողների ու կապալառուների վրա՞, թե՞ չի նստել: Եթե ռեկետ, թեկուզ համայնքի օգտին, բացահայտվի, հարկավոր կլինի գործը քննարկել քրեական հարթության մեջ:

3. Արժե՞ որ որևէ քաղաքապետարան նվերներ ընդունի ներկա և/կամ նախկին պաշտոնյաների/պատգամավորների հետ փոխկապակցված անձանցից: Այս հարցը պարբերաբար ծագելու է քանի դեռ տնտեսական լյուստարացիա չի եղել, կամ կապիտալի և տնտեսական լյուստրացիա: Նվիրատուներից մեկը, ըստ հրապարակված տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանի բավականին մերձավոր ազգականն է: Կան ենթադրություններ, որ իրական շահառուն Սամվել Ալեքսանյանն է: Հարց է ծագում, թե ինչն էր խանգարում Սամվել Ալեքսանյանին՝ անձամբ դիմելու այդ շինթույլտվությունների համար և անձամբ նվիրաբերելու այդ աղբատարները և գուցե այլ գույք ևս: Այդ հարցի պատասխանը չգիտեմ, մանավանդ, եթե ինքը հասկանում էր, որ կապելու էին իր անվանը: Ինչո՞ւ պիտի անձամբ չդիմեր ու անձամբ չնվիրեր: Ի՞նչ եք կածում, որ ինքը դիմեր, իրեն մերժելո՞ւ էին Սամվել Ալեքսանյան լինելու համա՞ր, հազիվ թե: Չի դիմել, երևի միայն այն պատճառով, որ անձամբ ինքը շահառու չէ այդ շինարարական ծրագրում: Մյուսների մասով նույն հարցերն են նույն պատասխանով: Իսկ հնարավո՞ր է, որ ներդրվելիք կապիտալը «կեղտոտ» կապիտալ է: Շատ հնարավոր է: Նման ենթադրություն կամ գրեթե պնդում շատերն են անում: Վստահաբար, ասել կարող է միայն պատշաճ քննությունը: Ո՞վ է անելու այդպիսի քննություն, ե՞րբ, ի՞նչ ժամկետներում: Եվ ամենաբարդը՝ այդ քննության ընթացքում քաղաքապետարանները նվերներ ընդունելո՞ւ են, թե՞ չեն ընդունելու, մերժելու են: Հասկանալի է, որ այսպիսի խնդիրների նախադեպեր չունենք, կարգավորման ալգորիթմ չկա, մինչև ձևավորվի, ու դեռ հարց է իշխանությունը կկամենա՞ ձևավորել, թե՞ ոչ, ի՞նչ է լինելու: Լինելիքը շատ անհատական որոշելիք է դառնում, քանի դեո չկա արտաօրինական, կամ ինքնակարգավորման ինչ-որ կարգ, կանոններ, կանոնակարգ, որից պարզ կլինի՝ ընդունե՞լ այսպիսի նվերներ, թե՞ ոչ, համայնքին նվիրաբերվող ինչ գնի նվերներ ընդունել, գուցե գրիչ կարելի կլինի ստանալ, բայց սեղան՝ ոչ, գուցե սեղան կարելի կլինի, բայց ոչ բեռնատար, գուցե բեռնատար կարելի կլինի, բայց աղբի վերամշակման գործարան՝ ոչ:

4. Վերոհիշյալ խնդիրը կամ երկընտրանքը լուծելու համար անկախ տնտեսական և կապիտալի լյուստրացիայի լինել չլինելը, տեղական և պետական իշխանության համար կամ օրենքով սահմանվելիք հստակ նորմերը պետք է լինեն, կամ առանց օրենքի կարգավորման՝ ինքնակարգավորում պիտի լինի: Բոլոր ՏԻՄ-երի համար մեկը, կամ յուրաքանչյուր տեղական ինքնակառավարման մարմին ինքն է որոշելու իր վարքականոնը, իսկ պետական իշխանության մարմիններն էլ իրենցը: Վերջերս Արմեն Ավետիսյանին պատկանող՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, մոտ 7,5 մլրդ դրամ գնով նվիրաբերվեց պետությանը և պետությունը ընդունեց այդ նվերը: Հարցեր ծագեցին, որոնք դեռևս անպատասխան են.

-Ինչո՞ւ նվիրեց, ինչո՞ւ ընդունեց, արդյոք այդ նվերը ազդելու է նվիրատուի ինչ-ինչ խնդրիրների քննության որակի և ժամկետների, պատասխանատվության ծավալների ու ձևի վրա, ինչ իմանանք, մինչև կարգավորումներ չլինեն: Նույն Սամվել Ալեքսանյանը մի քանի օր առաջ 200.000 դոլար նվիրաբերեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ավելի վաղ, բազմաթիվ այդպիսի նվիրատվություններ են եղել, այլ մարդկանց կողմից, ովքեր եղել են պետության զավթման համակարգի տնտեսական հենարանները, և այդպիսին դարձել են մենաշնորհատերեր լինելու շնորհիվ, իսկ մենաշնորհատերեր դարձել են իշխանության վերարտադրմանը շատ ակտիվ և հանցագործ կամ քվազիհանցագործ մասնակցությամբ գերագույն գլխավորների համակրանքը շահելով:

Իմ անձնական դիրքորոշումնն այս և այլ նվերների մասով հետևյալն է: Պետական իշխանությունը պետք է մշակի տնտեսական և կապիտալի լյուստրացիայի ծրագիր (մյուս լյուստրացիաները՝ մտքներս), հստակ ճանապարհային քարտեզ ու հետևողականորեն իրականացնի այն: Պիտի քննվի և մաքուր կապիտալը, պիտի հայտարարվի մաքուր, աղտոտը՝ աղտոտ, դրանից բխած հետևանքներով, այն է՝ կապիտալի վերադարձ հանրությանը, կամ առգրավում պետության կողմից, հավատարմագրային կառավարում և օրինական օտարում կամ փրկագնում մաքուր փողերով: Դրան շատ նման մեխանիզմ է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կամ ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձի մեխանիզմի ընդունումն ու գործարկումը: Իսկ մինչև այսպիսի մեխանիզմի գործարկումը պետական իշխանությունը և տեղական ինքնակառավարման մարմիներն անորոշ աղբյուրներից նվիրատվություններ չպիտի ընդունեն: Որոշակին համարենք մաքուր, օրինական, հայտնի և աներկբայորեն հեղինակավոր գործընկեր տեղական և միջազգային կազմակերպություններից, պետություններից և անհատներից ստացվող նվիրատվությունները: «Աներկբա» ասելիս, նկատի ունեմ այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ու կազմակերպություններին, որոնց մասին որևէ առարկութնուն հանրության շրջանում այդ պահին գոնե չկա:

5. Վերադառնալով աղբատարների օրինակին՝ ակնհայտ է, որ շատերը տարակուսանք ունեն որոշ նվիրատուների կապիտալի մասով: Քանի չկա նշածս կարգավորումը, այդպիսի ռիսկերը կարող են համարվել առնվազն կոռուպցիոն ռիսկեր, սակայն աղբատարների դեպքում, կրկնեմ՝ կոռուպցիայի ապացույց կամ հիմնավոր պնդում չեմ նկատել, գուցե առաջիկայում կլինեն ապացույցներ, բայց առայժմ դրանք չկան: Եվ քանի դեռ չկան պետության կամ ՏԻՄ-երի կողմից մշակված կարգավորումներ, որոնք ընդունված է կոչել բարեվարքության նորմեր (կոռուպցիայի կանխարգելման integrity համակարգը թարգմանել են որպես բարեվարքություն), ես համարում եմ բարեխղճության նորմեր, բարեվարքությունը կամ բարեխղճությունը գործում է անհատական ընկալման մակարդակում: Օրինակ՝ Հայկ Մարությանը կարող է համարել, որ բարեխղիղճ է, այսինքն՝ իր խղճին դեմ չի գնում այդ աղբատարները կասկածելի, կամ մի քիչ կասկածելի կապիտալի տերերից ընդունելիս, կարող է համարել, որ այդ միջոցներն ամենևին էլ կասկածելի չեն, անգամ կարող է ընդունել այսդպիսի նվերներ Սամվել Ալեքսանյանից, ինչպես ասաց: Բայց վստահ չեմ, որ կընդունի Սերժիկ Սարգսյանից, կամ Սաշիկ Սարգսյանից և, կորոշի այն պահին, երբ առիթ լինի, ու դա այս խնդրի բուռն արծարծման նոր առիթ կլինի, և, խնդիրն այն է, որ այսրոպեական լուծումները միշտ ռիսկային են: Նման բաներ կլինեն պարբերաբար, սա կտևի հավերժ, կունենա քաղաքական գին՝ կվերընտրվի կամ չի վերընտրվի, քանի դեռ չկա մշակված բարեխղճության վարքականոն: Մեկ այլ քաղաքապետ այլ կերպ կվարվի, մի գյուղապետ երրորդ եղանակով կվարվի և այդպես շարունակ: Կլինի շատ խառը, կամայական, բազմազան կարգավորում, իսկ ընդհանրության մեջ՝ անկանոնություն կամ քաոտիկ կարգավորում: Իմ հասկանալով՝ հեղափոխությունը ոչ միայն լավ առիթ է այս հարցերը ևս կարգավորելու, այլև՝ ճշմարիտ և օրինավոր ուղենիշ է այդ հարցերը պարտադիր կարգավորելու: Քանի դեռ իշխանություն վարողների բարեխղճության և բարեվարքության որակյալ և հավաքական կարգավորում չկա, այսօրինակ վեճերը լինելու են մշտապես: Մի հետաքրքիր բան էլ հարկատուների կամ քաղաքացիների բարեվարքությունն է, տեսնես քանիսն են երևանցիներից համարում այս նվերների ընդունումը բարեխիղճ վարմունք, քանիսն են, որ կարծում են, թե չարժեր այդ նվիրատուներից ընդունել այդ նվերները»:

| | |
19483 | 0
Facebook