««Կամազների» նվիրատվությունը եղել է Փաշինյանի գործուն մասնակցությամբ». Անդրանիկ Թևանյան
«Վերջին 15 տարվա ընթացքում սա ամենափոքր գումարն է, որը հավաքվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի արդյունքում, և սա՝ այն դեպքում, որ ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամ չկա, ավելին, հետճգնաժամային զարգացման փուլ է»,- 168 TV-ի եթերում ասել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: Նա նշել է, որ այս պայմաններում այդքան քիչ գումար հավաքելու հիմնական պատճառը հերթական փուչիկի պայթյունն է, որ սփյուռքը վստահում է իշխանություններին և կարող է գումարներ տալ։ «Կարծում եմ, որ հիմնադրամի շուրջ ստեղծվեց խայտառակ բացասական ֆոն՝ դիտավորյալ, որպեսզի կարողանան հիմնադրամի գումարներն ուղղել դեպի այլ հիմնադրամներ և ընտանեկան բյուջե»,- ասել է Թևանյանը: Անդրադառնալով Ամուլսարի հարցին՝ Թևանյանն ասել է, որ այն վաղուց վերածվել է ներքաղաքական կռվանի. «Որոշ ժամանակ է՝ դա նաև աշխարհաքաղաքական գործոն է դարձել, որովհետև այդ թեման շահարկելով՝ մարդիկ հնարավորություն ունեն քաղաքական խնդիր լուծելու։ Հանքի հետ կապված՝ արևմտյան պաշտոնական շրջանակները ՀՀ կառավարությունից պահանջում են բացել հանքը, իսկ ոչ պաշտոնական շրջանակները սպառնում են կանաչ հեղափոխությամբ և խոստանում քշել այս հեղափոխությունը, եթե հանքը բացվի։ Հեղափոխությունն արտաքին փայատերեր ձեռք բերեց, որոնց պայմանականորեն կարելի է կոչել թուրքական 5-րդ շարասյուն, որոնք պայմաններ են թելադրում ՀՀ կառավարությանը, իսկ մեր կառավարությունը վախենում է դրանից և շփոթված է։ Արտաքին փայատերերից վախենում է Փաշինյանը, որովհետև տեսել է նրանց հնարավորությունը։ Այդ փայատերերը գրոհում են Ազգային անվտանգության ծառայության վրա, վաղը կարող են պահանջել կազմաքանդել բանակը, իսկ մեր անվտանգության երաշխավոր ուժային կառույցները ենթակա են հարձակումների թուրքական 5-րդ շարասյան կողմից»,- նշել է նա: Անդրադառանալով վերջին օրերին Երևանի քաղաքապետարանի շուրջ տեղի ունեցող սկանդալային բացահայտումներին՝ Թևանյանն ասել է. «Հայկ Մարությանն այստեղ գործոն է ընդամենը. կարծում եմ՝ «Կամազների» նվիրատվությունը եղել է Փաշինյանի գործուն մասնակցությամբ»: Մանրամասները՝ տեսանյութում: |