Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը՝ դեկտեմբերի 2-ին

16:05, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
«Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը՝ դեկտեմբերի 2-ին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Աուտիզմ ազգային հիմնադրամի» նախաձեռնությամբ, Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը, որը մեկնարկել էր սեպտեմբերին:

Փառատոնի փակման արարողությանը մասնակիցների հետ համատեղ ելույթներ կունենան անվանի երաժիշտներ Ռուբեն Հախվերդյանը, Միքայել Ոսկանյանն ու ընկերները, Գոռ Սուջյանը, «ԳԱԹԱ» բենդը, Աննա և Անահիտ Մխիթարյանները, «Լավ Էլի» ռոք խումբը, «Hope For Coffee» երաժշտական խումբը և այլն:

«Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնն ուղղված է բացել հասարակության դռները զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և դեռահասների առջև` ձևավորելով հավասար պայմաններ բոլորի համար: Փառատոնի կարևորագույն ուղերձն է երաժշտության, արվեստի միջոցով ամրացնել կապը, ձևավորել հանդուրժողականություն, ապահովել մտքի, երևակայության փոխանակում երկու կողմերի համար, բացահայտել շնորհաշատ երեխաների և դեռահասների՝ նրանց տալով մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, հասարակության ճանաչված մարդկանց ներգրավվածության միջոցով հնարավորինս հանրայնացնել ներառական մտածողությունը:

«Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի հայեցակարգային առանձնահատկությունն է` երաժշտության միջոցով հաշմանդամություն և ոչ հաշմանդամություն ունեցող երեխաների միավորումը, ինչը համապատասխանում է 1989-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին:

Փառատոնին մասնակցում են Երևանում, Շիրակի և Տավուշի մարզերում գործող հասարակական կազմակերպությունները:

4254 | 0
Facebook