Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջազ նվագախումբը հանդես եկավ «ArmJazz Project-part 2» երեկոյի շրջանակում

19:30, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
Ջազ նվագախումբը հանդես եկավ «ArmJazz Project-part 2» երեկոյի շրջանակում

Ջազի հայ վարպետներ ու բացառապես հայ կոմպոզիտորների գործեր. նոյեմբերի 27-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկավ «ArmJazz Project-part 2» երեկոյի շրջանակում: Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ ներկայացվեցին հայ կոմպոզիտորների ջազ նվագախմբի համար գրված գործեր և մշակումներ:

Նվագախմբի հետ միջոցառմանը հանդես եկան կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ջազմեն, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը:

Ինքնատիպ համարով նվագախմբի հետ ելույթ ունեցավ նաև երջանկահիշատակ կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանի որդին՝ դաշնակահար Հայկ Շաքարյանը, ով կատարեց հոր ստեղծագործությունը:

Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցն առանձնահատուկ շեշտում է՝ երաժշտական կոլեկտիվն իր բոլոր համերգային ծրագրերում աշխատում է ընդգրկել հայ կոմպոզիտորների գործեր:

«Սա երկրորդ համերգն է մի նախագծի, որը փորձում է ներկայացնել հայկական ջազային ժառանգությունը: Վերջինս սկիզբ է առնում հեռավոր 20-րդ դարի 30-ականներից: Պետական ջազ նվագախումբը ներկայացրեց ավագ, միջին և երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ գրված ջազ նվագախմբի համար կամ գործիքավորված ջազ նվագախմբի համար»,- նշեց Արմեն Հյուսնունցը: Նա հույս հայտնեց, որ նմանատիպ երեկոները, որոնք նվիրված են հենց հայկական ջազային ժառանգությանը, շարունակական բնույթ կկրեն:

Նշենք, որ համերգը նախաձեռնել էր TM Production-ը:

2877 | 0
Facebook