Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ մի հարց լուծում չստացավ»․ ավտոներկրողները կրկին կհանդիպեն ՊԵԿ փոխնախագահի հետ

22:15, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
«Ոչ մի հարց լուծում չստացավ»․ ավտոներկրողները կրկին կհանդիպեն ՊԵԿ փոխնախագահի հետ

Արդեն հայտնել էինք, որ ավտոներկրողների ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ:

«20 տոկոս ասում ենք, երբ պետական գրանցում չկա, եթե պետական գրանցում կա՝ 20 տոկոսը դրան չի վերաբերում»,- ասել է Մաշադյանը՝ պատասխանելով պնդումներին, թե ավտոներկրողները 100 դոլար շահույթ են ստանում, բայց 200 հազար դրամ հարկ վճարում։

«Ի սկզբանե կեղծ հաշիվ-ապրանքագիր եք ներկայացնում, սահմանին հարկ քիչ եք վճարում։ Ես կարծում եմ, որ պարտաճանաչ քաղաքացին ճիշտ ինվոյս կներկայացնի, ոչ թե կեղծ ինվոյս կներկայացնի, հետո կընկնի խնդիրների մեջ»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը:

Ավտոներկրողները հանդիպման ընթացքում բողոքել են, որ Գյումրիից Երևան տեղափոխելը խնդիր է, վարորդները հավելյալ գումար են ուզում Գյումրիից Երևան տեղափոխելու համար։

«Եթե կան ներկրողներ, որոնք ապրում են Երևանում և խնդիր է առաջանում, եկեք ֆիքսենք, որ հակառակն էլ կարող է լինել»,- ասել է Մաշադյանը։

Ավտոներկրողները նաև նշել են, որ այն տարածքը, ուր դատարկում են կոնտեյները, չի վերահսկվում։

Այս առնչությամբ Մաշադյանն ասել է․ «Ո՞ւմ կողմից պետք է վերահսկվի։ Ձեր բնակարանն էլ ձեր համատիրության տարածքում է գտնվում։ Այս տարածքը մաքսային մարմինների կողմից չի վերահսկվում, եթե գողություն է կատարվել, պետք է դիմել իրավապահներին»։

Ավտոներկրողներն առաջարկել են կոնտեյները դատարկել Երևանում, զննումն իրականացնել Երևանում, ինչին Մաշադյանն ասել է, որ հարցը քննարկման առարկա կդառնա:

Հանդիպումից հետո Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է, որ ոչ մի հարց լուծում չի ստացել, Մաշադյանի հետ պայմանավորվել են կրկին հանդիպել։

3445 | 0
Facebook