Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինչ-որ անմաքուր բան կա». Մարուքյանը՝ Երևանի քաղաքապետարանի ստացած նվերի մասին

20:55, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
«Ինչ-որ անմաքուր բան կա». Մարուքյանը՝ Երևանի քաղաքապետարանի ստացած նվերի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով աղբահանություն իրականացնող 20 բեռնատար մեքենաներ քաղաքապետարանին նվիրվելուն, «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է. «Հենց միայն այն հանգամանքը, որ թափանցիկություն չկա, այսինքն` գաղտնի է պահվել մինչ ավագանու անդամների բացահայտելը և չի ներկայացվում, թե որ ընկերություններն են նվիրաբերողները, արդեն հիմք է կասկածելու, որ հստակ կոռուպցիոն ռիսկեր կան»:

Խմբակցության ղեկավարը նշել է, որ կան խոսակցություններ, որ տարբեր շինթույլտվությունների դիմաց առաջարկվում է գնել և նվիրել աղբահանության մեքենաներ կամ տվյալ շինարարությունից որոշակի տարածք տրամադրել քաղաքապետարանին. «Թե ինչ նպատակով և ինչ հետևանքներով, սա պետք է հասկանալ: Ակնհայտ է, որ ինչ-որ մարդիկ, երևի մտածում են, որ ժամանակին նույն գումարի չափով կաշառք է վերցվել, հիմա էլ մենք ասենք` թող տան քաղաքին: Կոռուպցիան միայն այն չէ, որ մարդ ինչ-որ բան է վերցնում և տանում է իրենց տուն, այլև այն է, որ այդ լիազորությունները չարաշահվում են և դա ներկայացվում է որպես քաղաքի ձեռքբերում: Եթե այդքան թափանցիկ, արդար ճիշտ գործընթաց է, ինչո՞ւ է մինչև հիմա գաղտնի պահվել և լեգիտիմ այդ հարցի պատասխանը այս պահին չկա»,- ասել է նա:

Անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե գործարար Սամվել Ալեքսանյանը նվիրատվություն չի արել, սակայն եթե նվիրի, ուրախ կլինեն՝ Էդմոն Մարուքյանն ասել է, որ ցանկացած բան, որ նվիրում են, ավագանու որոշմամբ պետք է ընդունել և կարևորը՝ թափանցիկությունն ապահովվի. «Իսկ այն, թե Սամվել Ալեքսանյանը նվիրի, թե մեկ այլ գործարար նվիրի, ինձ համար տարբերություն չկա: Պետք է հասկանալ, թե Սամվել Ալեքսանյանը ցանկանո՞ւմ է նվիրել, թե ոչ և եթե ուզում է, ապա ինչ նպատակով, այսինքն, կարող է՝ կամավոր չի նվիրում: Մենք փաստեր ունե՞նք, որ կամավոր նվիրում են: Զուտ այն հանգամանքը, որ նրանք խուսափել են հրապարակայնացնել և հիմա էլ որոշակիորեն չեն հրապարակայանցնելու, դա մեզ համար հիմք է տալիս կասկածելու, որ այդտեղ ինչ-որ անմաքուր բան կա»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

4517 | 1
Facebook