Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքապետարանը հերքում է Սամվել Ալեքսանյանից գաղտնի նվեր ստանալու պնդումները

12:30, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ.
Քաղաքապետարանը հերքում է Սամվել Ալեքսանյանից գաղտնի նվեր ստանալու պնդումները

«Քաղաքապետարանը որևէ մեկից գաղտնի նվեր չի ստացել, Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել: Եթե պարոն Ալեքսանյանը կամ որևէ գործարար ապագայում կորոշի օժանդակել քաղաքային տնտեսությանը և ինչ-որ նվեր մատուցել, քաղաքը միայն շնորհակալ կլինի: Բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտը ՄԱԿ-ի հռչակագրով ընդունված միջազգային հայտնի ու լայնորեն կիրառելի պրակտիկա է: Քաղաքային իշխանությունը ողջունում է դա». նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ արձագանքելով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության պնդմանը, թե քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից կոմունալ տեխնիկա է նվեր ստացել:

Հակոբ Կարապետյանը պարզաբանեց, որ կոմունալ տեխնիկա ստացել են և ո՛չ գաղտնի, այլ՝ կազմակերպություններից, սակայն դրանց անունները չբացահայտեց՝ հորդորելով սպասել մի քանի օր, երբ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալագրեր կհանձնի նվիրատու կազմակերպություններին: Իսկ թե ինչու մեքենաները համայնքին ավագանու որոշմամբ չեն փոխանցվել, Հ.Կարապետյանը պարզաբանեց, որ ավագանու որոշում ընդունելը բոլոր դեպքերում չէ, որ պարտադիր կատարման ենթակա է՝ առանց մանրամասնելու, թե որոնք են բացառության դեպքերը՝ խորհուրդ տալով կարդալ օրենքը: Նա հարկ համարեց ընդգծել, որ նվիրատու կազմակերպություններին արտոնություններ չեն տրվում:

Տեսանյութը՝ Aysor.am-ի
7300 | 0
Facebook