Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Լավրովը Քոչարյանին ասաց՝ նստիր տեղդ». Լավրովի այցի մեսիջները՝ ըստ քաղաքագետի. «ՀԺ»

09:35, չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.
«Լավրովը Քոչարյանին ասաց՝ նստիր տեղդ». Լավրովի այցի մեսիջները՝ ըստ քաղաքագետի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունը, թե «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվի», ռևերանս է՝ ուղղված Հայաստանին: Այս կարծիքին է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ըստ նրա՝ սրանով Լավրովը փորձեց վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների հավասարակշռությունը և Հայաստանի հետ նոր քաղաքականության ձևավորման հիմք դրեց:

Լավրովի երեկվա այցի մյուս կարևոր մեսիջը թերևս այն էր, որ ինքը համաձայն է Փաշինյանի առաջարկած բանաձևին՝ «Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդների համար»: «Այստեղ դժվար է վիճել»,- այս բանաձևի կապակցությամբ երեկ Հայաստանում հայտարարեց Լավրովը:

Լևոն Շիրինյանի համոզմամբ՝ Փաշինյանի առաջարկած այդ բանաձևը Ղարաբաղի հարցում անշարժ պատկերացումները շարժում է դեպի դրական ելքի միտում:

Մյուս և հավանաբար ամենաշատ քննարկված մեսիջը, որ երեկ Լավրովը հղեց՝ հետևյալն էր. «Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ քննարկումների, բանակցությունների սկզբում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը ներկայացնի Երևանը»:

Ո՞ւմ նկատի ուներ Լավրովը. այս հարցում նա կարծես թե երկմտելու տեղ չթողեց, սակայն կասկածներ այնուամենայնիվ հայտնվեցին:

«Ինձ թվում է Քոչարյանին նկատի ուներ: Բոլորն են ասում, որ Քոչարյանի ժամանակ է Արցախը բանակցային գործընթացից դուրս եկել և այդ լուրերը Լավրովը փաստորեն հաստատում է: Ռուսները սովորություն ունեն՝ լուրերը տարածում-տարածում են, հետո կամ հերքում են կամ հաստատում, նայած ինչպես է ձեռնտու: Էս պարագայում նա ՔՊ-ի բանաձևով Քոչարյանին ասում է՝ նստիր տեղդ»,- իր կարծիքը հայտնեց քաղաքագետը: Նրա համոզմամբ Քոչարյանը Ռուսաստանի համար արդեն հետաքրքրություն չի ներկայացնում եւ նրանք որոշել են «հանձնել» նրան»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

9081 | 0
Facebook