Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարույթն իրականացնող մարմինը և դատախազությունը փչացրել են այս գործը». Հովհաննես Խուդոյան

18:00, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
«Վարույթն իրականացնող մարմինը և դատախազությունը փչացրել են այս գործը». Հովհաննես Խուդոյան

Նոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:

Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի գործողությունները թույլ են տվել պարբերական ու դիտավորյալ խախտումներ: Դրանք առնչվում են Ռ. Քոչարյանի անձնագրի առգրավմանը, նրա որդիների գույքի վրա կալանք դնելուն, քրեական գործի մասին տվյալներ չտրամադրելուն: Իսկ դատախազ Պետրոս Պետրոսյանը տեղյակ է եղել դրանցից և որևէ քայլ չի կատարել այդ խախտումներն արձանագրելու, վերացնելու ու դրանց հետևանքները շտկելու ուղղությամբ: Մինչդեռ դատախազը քննիչի գործողություններին հետևելու իրավասու պաշտոնյան է: «Վարույթ իրականացնող մարմինը և դատախազությունը փչացրել են այս գործը»,-հայտարարեց Հ. Խուդոյանը: Միջնորդությանը միացան և դատախազ Պ. Պետրոսյանին վարույթից հեռացնելու իրենց միջնորդություն-հիմնավորումները ներկայացրին պաշտպանական խմբի մյուս անդամները: Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատարանների շրջափակումը, որը քրեորեն պատժելի արարք է, արվել է բացառապես այն նպատակով, որ դատարաններն ահաբեկվեն և չկայացնեն այնպիսի միջնորդություններ, որոնք կփոխեն Ռ. Քոչարյանի խափանման միջոցը: Ըստ փաստաբանի՝ իրավասու պաշտոնյա դատախազ Պ. Պետրոսյանն իրավական գնահատական չի տվել դատարանների աշխատանքը խաթարած գործողություններին: Պաշտպանական կողմի մեկ այլ անդամ՝ Ռուբեն Սահակյանը լրացրեց դատախազի կողմից թույլ տված սխալները: Նրա վկայությամբ՝ քրեական գործում բացակայում են մի շարք ցուցմունքներ. «Հայտարարվում է, որ ՍԴ անդամների վրա ճնշումներ են կիրառվել, սակայն այդ հարցով հարցաքննվել է միայն դատավոր Ֆելիքս Թոխյանը, իսկ մնացածը չեն հարցաքննվել: Դրա նպատակը մեկն է՝ ներկայացնել միայն մեղադրական ապացույցները»:

Դատական նիստը շարունակվում է:

3726 | 1
Facebook