Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Նախարարն իր արմատների հետ համերաշխ չէ». նստացույցի մասնակից

12:00, ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ.
«Նախարարն իր արմատների հետ համերաշխ չէ». նստացույցի մասնակից

Նոյեմբերի 8-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույցի մասնակից Արգիշտի Գևորգյանը, անդրադառնալով նախարարի այն հայտարարությանը, թե ակցիայի ժամանակ տարված դատարկ արկղերը քրեական գործերով է լցնելու և հետ է ուղարկելու, ասաց. «Եթե կան քրեական գործեր, ինչո՞ւ դրանք ավելի վաղ չէին ներկայացվում: Դա ի՞նչ է, սպառնալիքո՞վ է խոսում, մեզ դրանով չեն վախեցնի»:

Նստացույցի մասնակիցը նշեց, որ Արայիկ Հարությունյանի հետ չեն հանդիպել, նախարարը շենք ելումուտ է անում հետնամուտքով:

Այն հիշեցմանը, թե Ա.Հարությունյանն ասել է, որ հրաժարական տալու մտադրություն չունի, Ա.Գևորգյանն ասաց. «Շատ պաշտոնյաներ ենք տեսել, որոնք ասել են, որ չեն պատրաստվում հրաժարական տալ, սակայն ժողովրդի ճնշման տակ հրաժարական են տվել: Այնպես որ, թող նախարարն իրեն որևէ մեկից վեր չդասի ու հասկանա, որ կարող է նաև ինքը գնալ»,- նշեց նստացույցի մասնակիցը:

Հարցին, թե եթե նախարարն իր քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնի, նստացույցը կդադարեցնե՞ն, Ա.Գևորգյանը հարցով պատասխանեց՝ իսկ նախարարը կարո՞ղ է մարդկային իր տեսակը փոխել, մի մարդ, որը «հայ», «հայություն», «ազգություն», «ինքնություն» բառերին քմծիծաղով է վերաբերվում, ի՞նչ է, այդ քմծիծաղը զսպելո՞ւ է, թե՞ վերանալու է այդ քմծիծաղը: Չեմ պատկերացնում, որ այդ մարդը կփոխվի, ինքն իր արմատների հետ համերաշխ չէ»,- պնդեց Ա.Գևորգյանը:

Նա խոստացավ, որ օրվա ընթացքում իրենք իրազեկող երթեր կանցկացնեն:

| | |
1549 | 0
Facebook
COMMENT.am