Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետությունը երբեք հոգ չի տարել գիտության մասին». Ռադիկ Մարտիրոսյան

12:15, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
«Պետությունը երբեք հոգ չի տարել գիտության մասին». Ռադիկ Մարտիրոսյան

«Մեր գիտության ֆինանսավորումը բյուջեի ծախսային մասի մոտ 1,2 տոկոսն է: Արդեն համարյա 30 տարի այդ թիվը մնում է նույնը: Մինչդեռ այդ թիվը պետք է 3 տոկոս լինի: Սա ասում է այն մասին, որ պետությունը երբևէ գիտության մասին հոգ չի տարել». նոյմեբերի 6-ին ԱԺ-ում «Գիտության հիմնախնդիրների ֆինասավորումը» թեմայով քննարկմանն ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց, որ նախկինում առանձին՝ «պահպանման ու շահագործման ծախսեր» տողով գումարներ էին տրամադրվում: Իսկ հիմա եթե տանիքի նորոգման, կամ ապակի փոխելու հարց է ծագում, անհարմար դրության մեջ են հայտնվում:

Ըստ Ռ. Մարտիրոսյանի՝ ԳԱԱ բյուջեի 75 տոկոսը աշխատավարձի վճարմանն է բաժին հասնում: Իսկ աշխատավարձը նվազագույն աշխատավարձին մոտ գումար է: ԳԱԱ նախագահը հայտնեց, որ 2020թ. համար ներկայացրել են 10-12 ծրագիր՝ 360 մլն դրամ արժեքով: Գիտության պետական կոմիտեն դրանցից միայն մեկն է մտցրել եկող տարվա բյուջեի մեջ. այն վերաբերում է սուպերհամակարգչային ազգային կենտրոնի ստեղծմանը: Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ որպես կանոն, «ֆինանսների նախարարությունը գրպանում» միշտ գումար է պահում, և նման քննարկումներից հետո ասում են, թե բյուջեում փոփոխություն է արվել: Ուստի՝ եթե գումար պիտի տրվի, ապա ճիշտ կլինի ֆինանսներ տրամադրել Բելառուսի հետ համատեղ Սևանում գիտական կենտրոնի ստեղծմանը:

«Մեր գիտությունը կանգնած է աղետի առաջ»,- հայտարարեց ԳԱԱ նախագահը՝ նշելով, որ ԳԱԱ աշխատողների թիվը տարեցտարի պակասում է: Վերջին 3-4 տարիներին աշխատողների թիվը պակասել է 300-350-ով:

6268 | 0
Facebook