Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանին

21:35, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ-ի դեսպանին

Նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ ԳՄ և ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ: «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»,-ասել է դեսպան Թրեյսին: Հանդիպման ընթացքում դեսպանը ՀՀԿ նախագահից հետաքրքրվել է Հանրապետական կուսակցության առաջիկա ծրագրերով ու գործունեության ուղղություններով և հավաստիացրել, որ այսուհետ նման հանդիպումներ պարբերաբար կնախաձեռնվեն: Դեսպան Թրեյսիի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա մտահոգությունները, դրանց վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումները, անդրադարձել տնտեսության և անվտանգության խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարին:

Սերժ Սարգսյանը հանդիպման պատեհ առիթով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության Միացյալ Նահանգների դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևի ընդունման կապակցությամբ: «Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ` միաժամանակ կառուցելով փոխշահավետ գործընկերային հարաբերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը: Մեր կուսակցության համար շարունակելու են գերակա մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության, տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

| | |
3117 | 0
Facebook