Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

Օրենքի նոր նախագիծը կպաշտպանի՞ ազգային փոքրամասնություններին

13:05, կիրակի, 10 նոյեմբերի, 2019 թ.
Օրենքի նոր նախագիծը կպաշտպանի՞ ազգային փոքրամասնություններին

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այս տարվա հուլիսին քննարկման էր դրվել «Ազգային փոքրամասնությունների մասին», «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերը, որոնք այժմ լրամշակման փուլում են:

Ըստ Արդարադատության նախարարության՝ օրենքի նպատակն է կարգավորել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել դրանց հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները և այլն:

Նախարարության ներկայացրած հիմնավորմամբ`«Ազգային փոքրամասնությունների մասին» և «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով, խտրականության համընդհանուր արգելքի գործնական ապահովման և ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ իրականացման համար կազմակերպաիրավական հիմքերի նախատեսման պահանջով, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով։

Օրենքերի նախագծում ներառված են խտրականության արգելքը, անձնական ինքնության պահպանության ապահովումը, ավանդույթների պահպանությունը, իրենց լեզվի գործածությունը, կրթության իրավունքը, դավանանքի, խղճի, մտքի ազատությունը և այլն:

Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել օրենք ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ, այլ տարբեր օրենքներում և այլ իրավական ակտերում տեղ են գտել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ու ազատությունների իրականացման վերաբերյալ առանձին դրույթներ, ինչի պատճառով համապատասխան կարգավորումները կրում են ոլորտային և հատվածական բնույթ:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը մեզ հետ զրույցում նշում է, որ վերոնշյալ նախագծի վերաբերյալ ինքը կոնկրետ առաջարկություններ կանի, երբ սկսվեն քննարկումներն Ազգային ժողովում:

«Չեմ բացառում, որ նախագծում կարող են լինել բացեր, եթե լինեն առաջարկություններ, մենք պատրաստ ենք քննարկել»,- ասում է նա:

Ռուստամ Բաքոյանը նախագծերից առանձնացրել է մի քանի կետեր, որոնք իր մոտ հարցեր են առաջացրել: Դրանցից մեկն, օրինակ, 6-րդ հոդվածի 2-րդ կետն է, որով ասվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն անցկացվող մարդահամարի հարցաթերթում պետք է լինի հարց անձի՝ ազգային փոքրամասնության պատկանելության և էթնիկ ինքնության մասին, որին անձը (հարցվողը) իրավունք ունի պատասխանել կամ հրաժարվել պատասխանելուց։ Այսկերպ, սակայն, հնարավոր չի լինի ճշտել, թե ՀՀ-ում մշտական բնակություն հաստատած կոնկրետ քանի՞ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ կա:

«Ես դա ինձ մոտ ֆիքսել եմ: Սա պետք է քննարկել նաև նախարարության աշխատողների հետ՝ հասկանալու համար, թե ինչու են այսկերպ ներկայացրել: Սպասում ենք, որ նախագիծը հասնի մեզ, որ կարողանանք մեր հարցերն ուղղել և մեր փոփոխությունները ներկայացնել իրենց»,-նշում է Բաքոյանը:

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունն առաջարկել էր, որ նախագծի 8-րդ հոդվածում, որով նախատեսվում է պահպանել և զարգացնել իրենց ներընտանեկան հարաբերություններն իրենց ազգային մշակույթին համապատասխան, կատարվեն լրացումներ, մասնավորապես՝ առաջարկվել էր առավելությունը տալ մարդու իրավունքներին, այնպես, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անկախ իր տարիքից, սեռից և ազգային պատկանելությունից, կազմակերպության բնորոշմամբ՝ կարողանա վայելել իր հիմնարար ազատություններն ու իրավունքները: Առաջարկը, սակայն, չէր ընդունվել. պարզաբանվել էր, որ ազգային փոքրամասնությունների համար առանձնահատուկ կարգավորումների նախատեսումը չի ենթադրում, որ կարող են անտեսվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով ամրագրված երաշխիքները:

Հաշվի առնելով, որ Հայաստանում 11 ազգային փոքրամասնություններից առնվազն երկուսը՝ եզդիները և քրդերը, երեխաների վաղ ամուսնությունը անչափաս տարիքում դիտարկում են որպես ազգային ավանդույթ, և պետությունն իրավասու չէ պաշտպանել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ իր պետության քաղաքացիներին՝ խնդիր է առաջանում մարդու իրավունքների տեսանկյունից, որովհետև շատ հաճախ նրանք իրենց անչափահաս երեխաներին ամուսնացնում են իրենց կամքին հակառակ: Հաճախ նաև նրանք չեն ավարտում 12-ամյա դպրոցը՝ բավարարվելով 9-ամյա կրթությամբ:

Հարցին` այս դրույթը չի հակասո՞ւմ մարդու իրավունքներին, Բաքոյանն ասում է. «Ավանդույթները պահպանելու իրավունքի մեջ չի մտնում երեխային վաղ ամուսնացնելը: Այդ դեպքում ուղղակի ծնողները պարզաբանում են, որ դա ավանդույթ է և հենց դրանով է պայմանավորված, որ ոչ մեկ, այդ թվում նաև պետությունն իրավունք չունի խառնվելու: Բայց նման բան գոյություն չունի: Դա ինքնապաշտպանության միջոց է, որ դրսևորվում է՝ ասելով, թե «մեր ավանդույթներն են, մեզ մի կպեք»: Դա ազգային ավանդույթ չէ, դա ուղղակի ավանդույթ է, որ ժամանակի ընթացքում, գուցե, ձևավորվել է: Ժամանակն է, որ որոշակի փոփոխություններ ինքը կրի, պետք է ռեֆորմացիայի ենթարկվի»:

Քրդական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը նշում է, որ ինքն անձամբ դեմ է վաղ ամուսնություններին՝ նշելով, որ օրենքով արգելվում է անչափասների ամուսնությունը, և դա քրեորեն պատժելի արարք է:

«Մեր ազգն, օրինակ, շուտ է ամուսնանում, օրենքով ազգային փոքրամասնությունները կարող են 17 տարեկանում զագսավորվել և քրեական պատասխանատվության չենթարկվել»,- ասում է պատգամավորը:

Դիտարկմանը, թե շատ հաճախ երեխաներին վաղ հասակում ծնողներն ամուսնացնում են, իսկ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ-զագս) արդեն դիմում են չափահաս դառնալուց հետո՝ պաշտոնապես հաստատելու միությունը, Հասանովը նշում է. «Դե օրենքով դա քրեորեն պատժելի է, ամեն դեպքում օրենքն այդպիսին է»:

Բացի այս, Կնյազ Հասանովը նշում է, որ նախարարության ներկայացրած նախագծում բացեր կան, մասնավորապես` պատգամավորն ընդգծում է կրթության ոլորտը:

«Կրթության ոլորտում կարելի է մի կետ մտցնել, որ ազգային փոքրամասնություններն ուսուցիչներ պատրաստելու համար, բացառության կարգով, մրցույթից դուրս ազգային փոքրամասնությունների երեխաներից մեկ-երկուսին ընդունեին բարձրագույն ուսումնական հաստատություններ: Առաջարկ եմ արել նաև շատ անգամ, որ ազգային փոքրամասնություններին պատկանող կադրերը լինեին գործադիր մարմիններում»,- նշում է Հասանովը:

Հայաստանի հանրակրթական դպրոցներում պարբերաբար քննարկվում են դպրոցներում դասավանդվող մի շարք առարկաներ, որոնք որոշակի խնդիրներ են առաջացնում ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների շրջանում, ովքեր, օրինակ, այլ կրոն են դավանում: Մասնավորապես՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Դպրոցական ծրագրով, օրինակ, չի նախատեսվում վերոնշյալ դասը սկսել աղոթքով, սակայն Հայաստանի որոշ դպրոցներում սա պարտադիր նորմ է դարձել: Այս խնդրին բախվում են այլ կրոն դավանող ազգային փոքրամասնությունների երեխաները:

Այս առնչությամբ Կնյազ Հասանովն ասում է. «Քանի որ ազգային փոքրմասնությունների ներկայացուցիչներն ապրում են Հայաստանում, ՀՀ քաղաքացի են, կարելի է և նույնիսկ անհրաժեշտ է, որ նրանք ուսումնասիրեն այն երկրի կրոնի պատմությունը, առանձնահատուկությունները, որտեղ ապրում են»:

Արդարադատության նախարարության նախագծում նշվում է, որ նախադպրոցական դաստիարակությունը և հանրակրթական հաստատություններում ուսուցումը ազգային փոքրամասնությանը պատկանող երեխաների համար կարող է կազմակերպվել նրանց մայրենի լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ, կամ ազգային փոքրամասնությանը պատկանող երեխաների համար կարող են կազմակերպվել նրանց մայրենի լեզուն, մշակույթը և պատմությունն ուսուցանող լրացուցիչ կրթադաստիարակչական խմբեր՝ կրթության բնագավառում Կառավարության լիազորած մարմնի հաստատած ծրագրին համապատասխան:

Ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար կարող են գործել ոչ պետական հանրակրթական հաստատություններ, որտեղ ուսուցումն իրականացվում է նրանց մայրենի լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Պետական ծրագրերի իրականացման միջոցով ՀՀ-ն նպաստում է ազգային փոքրամասնությունների կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական գրականության մշակմանը և մանկավարժական կադրերի պատրաստմանը՝ համագործակցելով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։ Նախագծով ՀՀ-ն միջոցներ կհատկացնի ազգային պետություն չունեցող ազգային փոքրամասնությունների լեզուն և մշակույթը ուսուցանող դպրոցական ծրագրերի մշակման, դասագրքերի և այլ նյութերի հրատարակության համար:

Ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Միխայլովը նշում է, որ ՀՀ մի շարք օրենքներով ազգային փոքրամասնությունները պաշտպանված են, բայց կան ոլորտներ, որտեղ ազգային փոքրամասնությունները, նրա բնորոշմամբ՝ պետք է ավելի պաշտպանված լինեն: Միխայլովն առանձնացնում է կրթամշակութային խնդիրները:

«Եթե կրթամշակութային խնդիրներին ավելի կոնկրետ մոտեցում լինի, ավելի ճիշտ կլինի, քանի որ մենք այսօրվա դրությամբ ունենք դրա պահանջը: Ճիշտ է, մենք համագործակցում ենք Կառավարության հետ և փորձում ենք շատ-շատ հարցեր լուծել, դրամաշնորհներ ստանալ՝ այդ կրթամշակութային հարցերը հոգալու համար, բայց կարծում եմ, որ այս հարցին պետք է ավելի խորացված մոտեցում լինի»,- ասում է նա:

ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի մայիսի 3-ի որոշմամբ ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ: Այն կազմված է ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից` յուրաքանչյուր ազգային համայնքից (դրանք 11-ն են,-հեղ.) երկուական անդամ:

Արսեն Միխայլովը նշում է, որ այդ խորհուրդն այժմ արդյունավետ է աշխատում:

«Այդ խորհրդի միջոցով ազգային փոքրամասությունները կարողացել են անմիջապես իրենց խնդիրները բարձրաձայնել և հասցնել կառավարությանը: Կարծում եմ, որ խորհուրդն անհրաժեշտ է և ավելի պետք է նրա իրավունքները բարձրացնել, որ ակտիվորեն աշխատի այն»,- նշում է պատգամավորը:

Հայաստանի Հանրապետությունում հայերի հետ միասին ապրում են 20-ից ավել ազգություններ, որոնցից ինքնակազմակերպված գործում են 11 էթնիկ համայնքներ՝ ասորական, եզդիական, քրդական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, հրեական, լեհական, հունական, գերմանական:

ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ համապետական ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Ըստ այդմ՝ Հայաստանում ապրող 7 ազգային փոքրամասնություններ օրենսդիրում չեն ունենում իրենց ներկայացուցիչը: Հարցին, թե արդյոք ճի՞շտ է նման մոտեցումը, որ այն 4 ազգային փոքրամասնությունները, որոնք մյուսների համեմատ ավելի շատ են բնակչության թվով, ներգրավված լինեն ԱԺ-ում, իսկ մյուսները ներկայացուցիչներ չունենան, ասորական համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Արսեն Միխայլովն ասում է. «Մենք այդ հարցին շատ ենք անդրադարձել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդում: Երբ մյուս փոքրամասնությունների վերաբերյալ, որոնք չունեն ներկայացուցիչ ԱԺ-ում, հարցեր կամ խնդիրներ են առաջանում, խորհորդարանում ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներս (քուրդ, եզդի, ասորի, ռուս,-խմբ.) պարտավոր ենք ներկայացնել, բարձրաձայնել այդ խնդիրները: Այսինքն՝ այն պատգամավորը, որն ասորական համայնքից է ներկայացված, նա միայն ասորական համայնքի խնդիրները չի բարձրաձայնում, նա նաև բարձաձայնում է այն ազգային փոքրամասնությունների խնդիրները, որոնք ներգրավված չեն խորհրդարանում: Եթե այնպես լիներ, որ բոլոր 11-ը ունենային ներկայացուցիչներ, ավելի լավ կլիներ, բայց ինչպես տեսնում եք, դա հնարավոր չէ»:

2018-ից հետո Հայաստանի օրակարգային հարցերից մեկն ընտրական բարեփոխումներն էին: Ամիսներ առաջ ԱԺ նախագահը քաղաքական ուժերին հրավիրեց սկսելու ընտրական բարեփոխումների մշակման փուլ։ Սակայն, մինչև օրս դեռ գործընթացներ չեն սկսվել այս ուղղությամբ:

Այս օրերին նախատեսվում է կազմակերպել քննարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում վերջինները կքննարկեն Արդարադատության նախարարության ներկայացրած «Ազգային փոքրամասնությունների մասին», «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքների և հարակից օրենքների նախագծերը և կանեն իրենց դիտողությունները և/կամ առաջարկները:

| | |
1318 | 1
Facebook