Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Նոր օրինագիծ՝ տեղաշարժման խնդիրներով կենսաթոշակառուների վերաբերյալ

14:40, կիրակի, 03 նոյեմբերի, 2019 թ.
Նոր օրինագիծ՝ տեղաշարժման խնդիրներով կենսաթոշակառուների վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է լրացում կատարել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։

«Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասն առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ.

«Եթե կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից՝ հեռահար եղանակով (առանց բանկ ներկայանալու)՝ Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 3 ամիս անց:

2. Սույն օրենքի հրապարակմանը հաջորդող 3 օրացույցային ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում եւ իրականացնում է համապատասխան փոփոխություններ` սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված գործընթացն ապահովելու նպատակով»,-նշված է նախագծում:

Ըստ գործող կարգավորման՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանվել է պարտադիր պահանջ՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:

Նշված դրույթի նպատակը կենսաթոշակառուների ողջ լինելու փաստը հաստատելն է: Քանի որ առկա են ռիսկեր կենսաթոշակառուի Հանրապետությունից գնալու եւ մահվան հանգամանքը ուշ պարզելու հետ կապված, պահանջը դեռեւս կարելի է համարել արդարացված:

Ըստ նախագծի հիմնավորման՝ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից․ «Հաճախ էլ այդ պահանջի կատարման համար կենսաթոշակառուները եւ նրանց ընտանիքներն ունենում են բարդ խնդիրներ:

Օրենքի պահանջի կատարման համար՝ հնարավոր է կենսաթոշակառուի ինքնությունը ստուգել հեռահար եղանակով, ինչը գրեթե բոլոր բանկերը կիրառում են իրենց բազմաթիվ ծառայությունների ժամանակ՝ հաշիվների սպասարկում, փոխանցումների իրականացում, նույնիսկ վարկերի տրամադրում եւ ավանդների ձեւակերպում: Բանկերն ունեն բավարար տեխնիկական եւ իրավական ապահովում նշված գործընթացը պատշաճ իրականացնելու համար: Ընդ որում, բանկային համակարգում հեռահար սպասարկման նպատակներից մեկը նաեւ բանկերի կողմից ծախսերի խնայողությունն է, հետեւաբար՝ առաջարկությունը բանկերի համար որեւէ հավելյալ խնդիր չի առաջացնում:

Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի՝ եթե կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից՝ հեռահար եղանակով (առանց բանկ ներկայանալու)՝ Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն:

Միաժամանակ, քանի որ կենսաթոշակի ստացման գործընթացը, այդ թվում՝ բանկերի կողմից սպասարկումը կարգավորվում է կառավարության որոշումներով, առաջարկվում է կառավարության համար սահմանել եռամսյա ժամկետ՝ գործընթացն ամբողջությամբ սահմանելու համար, մասնավորապես՝ հստակեցնելու այն անձանց ցանկը եւ կարգավիճակը, ովքեր իրավունք ունեն օգտվելու բանկի հեռահար ծառայությունից եւ այլ էական հանգամանքներ»:

| | |
1487 | 0
Facebook
COMMENT.am